Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։
Պարեկներն «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման զանգվածով փաթեթներ, թափանցիկ հեղուկով՝ ներարկիչ, դեղնականաչավուն զանգվածով՝ կաթուցիչ, ծալովի դանակ և այլն, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երեք երիտասարդից մեկը ձերբակալվել է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հարուցված քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: