26.500 դրամի փոխարեն՝ 28.600 դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը: Փոփոխությունը կզգա 15.600 շահառու:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այս բարձրացումները մենք պետք է դիտենք Կառավարության 5-ամյա ծրագրի իրականացման համատեքստում: Կարելի է փաստել, որ Կառավարությունը սկսել է այն իրագործել:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում, ըստ պետական ռազմավարական ծրագրի, մինչև 2026 թվականը նախատեսված է նվազագույն կենսաթոշակի չափը 26.500 դրամից հասցնել առնվազն 37.000 դրամի
Կենսաթոշակի միջին չափը 43.500-ից՝ առնվազն 61.000 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68.000 դրամից՝ 85.000 դրամ, հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի դեպքում 26.500 դրամից դարձնել 37.000:
Դավիթ Խաչատրյան - Մեր մոտեցումն այնպիսին է, որ ամեն տարի որոշակի քայլ ապահովենք: Օրինակ՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման դեպքում մենք 5 տարվա ծրագրով նախատեսել ենք 37.000 դրամ, որը մոտ 40 տոկոս բարձրացում է իրենից ներկայացնում, էս տարի կապահովենք 6 տոկոս՝ ելնելով բյուջեի հնարավորությունից:
2022-ի հունվարի 1-ից կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․
1-ին խմբի դեպքում՝ ներկայումս սահմանված 40.000 դրամի փոխարեն՝ 43.000 դրամ,194 մարդ, 2-րդ խմբի դեպքում՝ 30.000-ի փոխարեն՝ 33.000 դրամ, 1425 մարդ, 3-րդ խմբի դեպքում՝ 27.000-ի փոխարեն՝ 30.000 դրամ, 1980 մարդ Այս դեպքում բարձրացումը կազմում է 7.5-8 տոկոս:
Դավիթ Խաչատրյան - Առաջին խմբի համար 5 տարվա կտրվածքով պետք է հասնենք 55.000 դրամի ցուցանիշին, երկրորդ խմբի դեպքում ցուցանիշը 42.000 դրամ է, իսկ երրորդ խմբինը՝ 37.000 դրամ:
Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30.000 դրամ՝ սահմանված 27.000-ի փոխարեն։ 2022 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 27.000-ից հասցնել 28.600 դրամի: Շահառու է 27.000 մարդ:
Դավիթ Խաչատրյան - էստեղ պետք է հաշվի առնենք նաև ծնելիության խթանման գործոնը, որովհետև սա հենց խնամող մայրերին է վերաբերում, ովքեր աշխատում ու գտնվում են խնամքի արձակուրդում:
Ամենաշատը բարձրանալու է հաշմանդամություն ունեցող երեխաներին տրվող նպաստի չափը՝ մոտ 40 տոկոս: Շուրջ 8500 երեխայի համար սահմանված նպաստի չափը 26.500-ի փոխարեն կսահմանվի 37.000 դրամ:
Դավիթ Խաչատրյան - Ծնողի դեպքում, բացի նրանից, որ նա չի կարողանում աշխատել, նաև պետք է երեխայի խնամքով զբաղվի, իսկ չաշխատածի դիմաց այն գումարը, որն ինքը նպաստի տեսքով ստանում է, բավարար չէր կարիքները հոգալու համար:
Մեկ շնչի հաշվով պարենային զամբյուղը ամսական կազմում է շուրջ 34.000 դրամ: Կառավարության նպատակն է, որ տրամադրվող նվազագույն կենսաթոշակն ու նպաստներն այս ցուցանիշը գերազանցեն:
Դավիթ Խաչատրյան - Մեր նպատակն է ապահովել, որպեսզի ամեն տարի մենք քայլ առ քայլ առաջ գնանք, բայց դա կախված է, թե ինչ բյուջետային տարի կունենանք: Հնարավոր է՝ ավելի մեծ, հնարավոր է՝ ավելի փոքր: Չեմ բացառում, որ լինի տարի, այս հինգ տարվա ընթացքում, բարձրացում ընդհանրապես չլինի, բայց հնարավոր է երրորդ տարում հինգամյայի ցուցանիշն ապահովված լինենք:
Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2022-ի հունվարից նույնպես կավելանա՝ 28.600 դրամ՝ ներկայիս 26.500-ի փոխարեն։
Այս խմբի շահառու է 74.600 մարդ: