Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանից 35 հայցորդների գործով վճիռները: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Բաքուն պարտավոր է ընդհանուր առմամբ 176700 եվրո փոխհատուցում վճարել:
Դատարանը ճանաչել է հայցորդների իրավունքների խախտումը՝ արդար դատաքննության, խոսքի ազատության, սեփականության անձեռնմխելիության, հարկադիր աշխատանքի անթույլատրելիության և ստրկության արգելման մասով:
Որոշումներից մեկը վերաբերում է ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների բողոքներին։ 2013 թ. հուլիսին Ուլվի Հասանովը և Մեջիդ Մեջիդովը ձերբակալվել էին մետրոյի կայարաններից մեկի մոտ թռուցիկներ տարածելիս։ Երկուսն էլ բերման էին ենթարկվել, ոստիկանությունում պահվել ողջ գիշեր, մեղադրվել ոստիկանությանը չենթարկվելու համար և կալանավորվել 15 օրով։
ՄԻԵԴ-ը ճանաչել է ակտիվիստների՝ արդար դատաքննության և խոսքի ազատության իրավունքների խախտումը և պարտավորեցրել Ադրբեջանին որպես բարոյական փոխհատուցում՝ նրանցից յուրաքանչյուրին հատկացնել 5850-ական եվրո:
Դատական մեկ այլ որոշում վերաբերում է Բոսնիայի և Հերցեգովինայի 32 քաղաքացիների, որոնց Ադրբեջանում խաբել էին գործատուները: Նրանց վճարել էին աշխատավարձի կեսը, պահել կեցության անտանելի պայմաններում, անգամ վերցվել էին անձնագրերը:
Այս գործում շրջանառվում է նաև Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության անունը. բոսնիացիներն աշխատել են նաև այդ գերատեսչության օբյեկտում՝ Մինգեչաուր քաղաքի օլիմպիական կենտրոնում։
ՄԻԵԴ-ը բոսնիացիների գործում ստրկության և հարկադիր աշխատանքի տարրեր է նշել։