Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6-ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին:
Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի Կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են, Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:
Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի Կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։
Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ Կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:
Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։
Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադատության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։