ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա պաշտոնական այցը ամփոփեց Լազարյանների պատմական տանը: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հայ խորհրդարանականները հանդիպեցին Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության դիվանագետների և ռուս փորձագիտական շրջանակի ներկայացուցիչների հետ:
Գրիգորի Կարասին (Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստան մեր հարաբերությունների զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բազմադարյան, պատմական բարեկամության գործում նշանակալից ներդրում էր: Այդ բարեկամության փորձությունները չեն ավարտվել, դրանք շարունակվում են: Կարծում եմ՝ մենք միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
Մոսկվան բարձր մակարդակի հանդիպումների միջոցով ներկայացրել է օրենսդրի ղեկավարին իր տեսակետը և աջակցությունը Հայաստանին ներկայի իրավիճակում, նշում է Կարասինը:
Գրիգորի Կարասին - Մենք կիսում ենք այդ դժվարությունները ձեզ հետ, կարծում ենք՝ դրանք կհաղթահարվեն: Գլխավորը երկու ժողովուրդների միջև հոգևոր կապերի ամրապնդումն է: Այսօր, գտնվելով այս պատմական պատերի ներքո, հստակ գիտակցում ենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև եղբայրական, դաշնակից երկրներ:
Ռուսական կողմի հետ հանդիպումների ընթացքում եղել են կոնկրետ պայմանավորվածություններ՝ կապված միջազգային և միջխորհրդարանական հարթակներում համագործակցության հետ:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են գերիների, ստեղծված իրավիճակի հարցերը: Կարող եմ արձանագրել, որ մեր ռուս գործընկերների կողմից կա լիարժեք ընկալում ստեղծված իրավիճակի և իրենց կողմից աշխատանքները շարունակվելու են այս իրավիճակը շտկելու համար:
Լավրովի, Մատվիենկոյի և Վոլոդինի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի:
Ալեն Սիմոնյան - Ես հասկանում եմ մեր հանրության սպասումները, մեզ համար ծանր է իրավիճակը, բայց պետք է հասկանանք, որ տարվող աշխատանքները բավականին ծավալուն են, մեծ դժվարություններ ունեն, որովհետև կա մեծ հակազդեցություն: Չնայած դրան՝ կարող եմ արձանագրել, որ այցը շատ դրական եմ գնահատում, մոտ ապագայում կարող ենք քննարկել նաև արդյունքները:
Վոլոդինը վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ) - Առաջիկայում իմ ռուս գործընկերոջ հետ կգծենք առաջիկա 3 տարիների ճանապարհային քարտեզը, այնուհետև կգումարվի առաջին նիստը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ: