ԱՌԱՋԻԿԱ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՀ-Ն ԿՈՒՆԵՆԱ 79 ՀԱՄԱՅՆՔ
Առաջիկա ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանը կունենա 79 համայնք, ներառյալ՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք: «Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով նախատեսվող քվեարկությամբ 441 համայնք կմիավորվի 38 համայնքային փնջերում»,- հայտարարեց նախարար Գնել Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եվ երկրորդ որոշմամբ երեկ կայացած՝ Արագածոտնի մարզի Արևուտ գյուղ և Մեծաձոր համայնքները նույնպես կանցկացնեն ընտրություն, բայց քանի որ ընտրողների թիվն այս համայնքներում 4000-ից քիչ է, այս երկու համայնքներում կիրականացվի մեծամասնական ընտրակարգով ընտրություն:
Ազգային փոքրամասնություններով բնակեցված խոշորացվող համայնքներում ընտրությունը դեկտեմբերի 5-ին է: Նախարարը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Գյումրիում, Գորիսում, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան, իսկ մեծամասնականով՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո համայնքներում:
Գնել Սանոսյան - Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան Իջևան, Ստեփանավան և Կապան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արզնի և Լերմոնտովո համայնքներում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ճի՞շտ ենք, չէ՞, հասկանում, որ ընտրություններով ոչ թե խոշորացման որոշումն է կայացվելու կամ չկայացվելու, այլ հերթական փուլն է. միասնական ընտրություններ են տեղի ունենալու, այսինքն՝ օրինակ, Իջևան համայնքը ներառելու է գործնականում նախկին խորհրդային Իջևանի շրջանը՝ իր բոլոր գյուղերով:
Համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը 4 հազարից ավելի է: Չհաղթած թեկնածուները դուրս չեն մնա համայնքի կառավարման գործընթացից, կլինեն ավագանու անդամ:
Նիկոլ Փաշինյան - Սա 2018-ին ստանձնած մեր քաղաքական պարտավորություններից է: Ասել ենք, որ ժողովրդավարական գործընթացն է կարևոր, կարծում ենք՝ ընտրողների ազդեցությունը գործընթացների վրա էական է դառնում: Երբ խոսում էի թեկնածուների մասին, խոսքը նաև ընտրողների մասին էր, նրանք մասնակցություն կունենան քաղաքի կառավարման գործում:
2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
2,4 մլրդ դրամ հատկացվեց քովիդի կանխարգելման, վերահսկման և բուժման ծախսերի համար: 20 բուժհաստատություն՝ ավելի քան 2000 մահճակալով, ներգրավված է քովիդով հիվանդների բուժման համար: 14 հազար ակտիվ դեպքից պատվաստված ընդամենը 176 քաղաքացի ունի հիվանդանոցային բուժման կարիք:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կան որոշ անձինք, ովքեր վնասարարությամբ են զբաղված, խաթարում են ինֆորմացիոն դաշտը, որ շփոթության մեջ են գցում, անհիմն վախեր: Նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվություն ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահերի համար:
Նիկոլ Փաշինյան - Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք, պետք ա պատվաստումը գնա առաջ: ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստումային գործընթացին, պետությունն ունի բոլոր լծակները, ընդունել է վարչական ակտեր, եթե պետք է օրենք ընդունել, գնալ առաջ: Օրինակ՝ շարժում ա ձևավորվում, որ մարդիկ ասում են՝ կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձրեք, ինչո՛ւ պետք է ես հարկ վճարեմ, մարդիկ չպատվաստվեն:
Վարչապետն անդրադարձավ ՊՇՌ թեստավորման վերաբերյալ շահարկումներին, ընդգծեց՝ պատվաստումն անվճար է համավարակի կանխարգելման համար:
Նիկոլ Փաշինյան - Ինչի ենք կենտրոնանում՝ ով ինչ ա ասում, մարգինալ ուժեր են, ինչ ուզում են ասեն: Կառավարությունը մանդատ է ստացել ծրագրերն իրականացնելու: Ինձ մի՛ ասեք՝ ով ա խանգարում, ով՝ ոչ, գնացե՛ք, լուծե՛ք: Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել, գործել, խնդիր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք, վատ ա պատվաստման թվերը, որևէ մեկից չբողոքեք, վերաբերում է բոլորիդ: Պետական համակարգում չլինի մարդ, որ պատվաստված չլինի, առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Իմ ընտանիքի անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստվել են, ընդ որում՝ տարբեր պատվաստանյութերով: Չստացվի, որ կա լավը, որ էլիտար շրջանակների համար:
Գործընթացի պատշաճ իրականացման համար վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տվեց:
Նիկոլ Փաշինյան - ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալե՛ք: Գլխավոր դատախազին եմ դիմում, քննչական մարմիններին: Չլսեմ այս դահլիճում, կզեկուցե՛ք, որ խնդիրները լուծվել են:
Գործադիրը 35 մլն դրամ հատկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հոկտեմբերի 30-ին «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման համար: