ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը պատրաստակամություն է հայտնել այցել Երևան և Բաքու՝ որպես բարիդրացիական ժեստ։ Այդ մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Աբդոլլահիանի խոսքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության գլխավոր առաջնահերթություններից է: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող նրանցից որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։ Երկու օր առաջ իմ գործընկերը՝ Հայաստանի արտգործնախարարը, ժամանել էր Թեհրան։ Լավ կլիներ, որ մեր ադրբեջանցի գործընկերն էլ հնարավորություն ունենար այցելել մեր երկիր»,- ասել է Աբդոլլահիանը։
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՂՐԻՄԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով անվտանգության հարցերով Վարշավայի համաժողովում, աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ Ուկրաինայի և Վրաստանի ջանքերին: Չավուշօղլուն հերթական անգամ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է հակազդել Ուկրաինայի և Վրաստանի ներուժը թուլացնելու փորձերին և աջակցել նրանց ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին, Չավուշօղլուն դրանք որակել է «կառուցողական և ինտենսիվ»:
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ»
BBC-ն նոր մանրամասներ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային «Պանդորայի փաստաթղթերից»: Ինչպես պարզվել է, 2018 թ. Crown Estate ընկերությունը, որը Միացյալ Թագավորության թագուհու անունից զբաղվում է անշարժ գույքի առևտրով, Ալիևների ընտանիքից գնել է շուրջ 91 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք՝ ստանալով 42 մլն դոլար եկամուտ: The Crown Estate-ի ներկայացուցիչը հայտնել է, որ շենքը գնելուց առաջ ընկերությունը գործարքի իրականացման համար խնդիրներ չի հայտնաբերել, սակայն հաշվի առնելով Ալիևի կոռուպցիոն գործարքների հետ կապված վերջին բացահայտումները՝ ընկերությունը նոր ուսումնասիրություն է նախաձեռնել: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակման համաձայն՝ Իլհամ Ալիևի երեխաները՝ Լեյլա, Արզու և Հեյդար Ալիևները, նշված են եղել որպես 2006-2018 թթ. Վիրջինյան կղզիներում գրանցված 44 ընկերությունների բաժնետեր: Նրանց պատկանող հինգ ընկերությունները 2006-2009 թթ. Լոնդոնում գնել են ավելի քան 120 մլն դոլար արժողությամբ էլիտար անշարժ գույք:
ՄԻԵԴ-Ը ԲԱՔՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼ
Հոկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանից 35 հայցորդների գործով վճիռները: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Բաքուն պարտավոր է ընդհանուր առմամբ 176700 եվրո փոխհատուցում վճարել: Դատարանը ճանաչել է հայցորդների իրավունքների խախտումը՝ արդար դատաքննության, խոսքի ազատության, սեփականության անձեռնմխելիության, հարկադիր աշխատանքի անթույլատրելիության և ստրկության արգելման մասով: Քննվող գործերի մեջ եղել են ակտիվիստներին թռուցիկ բաժանելիս ձերբակալելուն, Բոսնիա-Հերցեգովինայի 32 քաղաքացու անմարդկային պայմաններում պահելուն և նրանց ստրկության ենթարկելուն առնչվող հայցեր: