Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ Ուկրաինայի և Վրաստանի ջանքերին, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը։ Կարծում եմ, որ պետք է շարունակել աջակցել Ուկրաինային և Վրաստանին ոչ միայն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրների պատճառով: Անհրաժեշտ է նաև հակազդել նրանց ներուժը թուլացնելու փորձերին և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Վարշավայի համաժողովում:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները որակել է կառուցողական և ինտենսիվ: