Հոկտեմբերի 7-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Սկզբում լրագրողների հարցերին պատասխանել է հավաքականի նորեկը: Սելարայանը նշել է, որ նախկինում շատ չի ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, սակայն հիմա հետաքրքրվում է Հայաստանով, գիտի, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։
Նա նշել է, որ թիմում բոլորն իրեն շատ լավ են ընդունել։ Շատ լավ տպավորություններ ունի ֆուտբոլիստներից և մարզչական կազմից և հույս է հայտնել, որ թիմին կօգնի հաջողություններ գրանցելու հարցում։
«Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։ Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել Հենրիխ Մխիթարյանի հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար»,- ասել է Սելարայանը։
Գլխավոր մարզիչը, անդրադառնալով նոր համալրմանը, նշել է, որ Սելարայանը շատ մեծ խանդավառությամբ է ժամանել հավաքականի ճամբար։
«Տևական ժամանակ ՀՖՖ-ն ջանքեր էր գործադրում, որպեսզի Լուկասը միանար ազգային ընտրանուն։ Նա մեզ նախ իր փորձով կարող է օգնել, ինչը շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է Ալիկ Առաքելյանին և ժիրայր Մարգարյանին, նրանք իրենց թիմում բոլոր խաղերում բավական բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում։ Մենք միշտ նշել ենք, որ հավաքականի դռները բոլոր ֆուտբոլիստների համար բաց են։ Մենք դիտում ենք Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումները, և եթե տեսնենք, որ ինչ-որ մեկը լավ մարզավիճակում է, անպայման կհրավիրենք նրան ազգային հավաքական,- նշել է Կապառոսը։
Անդրադառնալով Վահան Բիչախչյանի բացակայությանը, մարզիչը նշել է.
«Վահան Բիչախչյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նրա դիրքում հրավիրել ենք Մխիթարյանին, Սելարայանին, Սպերցյանին, Վարդանյանին, Ադամյանը նույնպես կարող է այդ դիրքում հանդես գալ։ Հայտացուցակում կարող ենք ընդգրկել ընդամենը 23 ֆուտբոլիստի, բոլորին հրավիրել չենք կարող։ Եթե Վահանը հրավիրվեր հավաքական, դուք այս հարցը կտայինք մեկ այլ ֆուտբոլիստի մասին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ Վահան Բիչախչյանն այն ֆուտբոլիստն է, ում հետ մենք մեծ հույսեր ենք կապում»։
Իսլանդիայի հավաքականը դաշտում ամբողջությամբ նվիրվում է խաղին։ Սակայն եթե մենք լինենք նախկին հանդիպումների պես մրցունակ և մեզ ժպտա մարզական բախտը, ապա մենք կարող ենք հաջողության հասնել՝ շեշտել է Կապառոսը։
«Միգուցե լինեն նորամուծություններ, սակայն դրանք շատ չեն լինի։ Մենք ունենք մեր ձեռագիրը, և մեր մրցակիցները մեզ պետք է ճանաչեն հենց մեր ցուցադրած խաղային ոճով։ Միևնույն ժամանակ՝ ամեն խաղ նոր պատմություն է, և այստեղ էլ կարող են լինել նորություններ։ Ֆուտբոլում կան վերելքներ և անկումներ, սակայն հուսով ենք, որ նախորդ երեք խաղերի տրամաբանությունը այլևս չի կրկնվի»,- նշել է մարզիչը։
Կապառոսը հավելել է, որ թիմում գերազանց մթնոլորտ է, և սա մեր հավաքականի ուժեղ կողմերից մեկն է։ «Մենք գիտակցում ենք, որ կան հավաքականներ, որոնք կարգով մեզնից բարձր են, սակայն տրամադրվածության առումով մեզ ոչ ոք չի կարող հաղթել»։