Երկարատև ընդմիջումից հետո իր դռներն է կրկին բացել Կոտայքի մարզի Գեղադիրի համայնքային մանկապարտեզը, որի գործունեությունը հնարավոր է դարձել վերսկսել կառավարության ֆինանսական աջակցության միջոցով: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
«Աշխատանքային այցով եղել եմ Գեղադիրում ու համայնքի ղեկավարի հետ շրջել վերաբացված մանկապարտեզում: Նշեմ, որ շատ երկար տարիներ Գեղադիր համայնքում մանկապարտեզ չէր գործել:
Վերջին տարիներին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականին Տարածքային զարգացման հիմնադրամի և մասնավոր ներդրողների կողմից ձեռք էր բերվել գույքը, ինչի արդյունքում մանկապարտեզը վերաբացվել էր:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան՝ Գեղադիրի լուսավոր մանկապարտեզը, սակայն, որոշ ժամանակ գործելուց հետո փակվել էր ֆինանսական խնդիրների պատճառով: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այսօր արդեն վերաբացված մանկապարտեզ են հաճախում շուրջ 60 փոքրիկներ ոչ միայն Գեղադիրից, այլ նաև հարևան Հացավան, Ողջաբերդ համայնքներից:
Ի դեպ, կրկին կառավարության աջակցությամբ իր գործունեությունն է սկսել նաև Մայակովսկիի մանկապարտեզը, որը վերջին տարիներին ևս տարբեր ծրագրերով հիմնանորոգվել էր, ձեռք բերել գույքը և ֆինանսական խնդիրների պատճառով անգործության մատնվել:
Վստահեցնում եմ, որ անելու ենք առավելագույնը, որ ոչ միայն այս, այլև մարզի բոլոր համայնքների մանկապարտեզները անխափան գործեն. դրան նպաստելու է նաև առաջիկայում մի շարք համայնքների խոշորացումը, որի արդյունքում ֆինանսական խնդիրները լուծվելու են ամենակարճ ժամկետներում»,- նշել է մարզպետը: