Եվրոպական կինոյի հայտնի վարպետը՝ հունգարացի ռեժիսոր Կոռնել Մունդրուցոն, ընդունել է «Ոսկե ծիրանի» առաջարկն ու ղեկավարում է փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին: Մունդրուցոն շարունակում է համարել, որ հետխորհրդային ժամանակաշրջանի ռեժիսորները նոր Արևելյան Եվրոպայի կինոյի սուրհանդակներն են աշխարհում: Կաննի, Լոկարնոյի կինոստուգատեսների դափնեկիրը նաև թատերական ռեժիսոր է, որը հաջողված բեմադրություններ է անում Համբուրգում, Ցյուրիխում, Վարշավայում: Տարիներ շարունակ կինո թե թատրոն երկընտրանքին նրա պատասխանն աներկբա է՝ կինո, դա հասկացել է դեռ 18 տարեկանում: Ասում է՝ ես թատրոնում մնացի դրսի մարդ:
Կոռնել Մունդրուցո (կիոնռեժիսոր «Ոսկե ծիրան» ՄԿՓ ժյուրիի նախագահ) - Ինձ հետաքրքիր էր՝ ես տաղանդավո՞ր եմ, թե՞ ոչ: Երբ համալսարան ընդունվելու համար պետք է նկարեի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը, վերցրեցի տեսախցիկն ու սկսեցի աշխատել դերասանների հետ: Հասկացա, որ կինոռեժիսոր եմ, և մինչև օրս այդպես եմ մտածում: Սիրում եմ թատրոնը, որն ինձ հարազատ է, բայց ես կինոյի մարդ եմ:
Մունդրուցոյի գնահատմամբ՝ թատրոնն ու կինոն հեռու են միմյանցից, և շատ թատերական ֆիլմը վատ է, ճիշտ այնպես, ինչպես շատ կինեմատոգրաֆիական ներկայացումը: Ինչ վերաբերում է կինոյին, ապա Կաննի նախընտրած ռեժիսորներից մեկը փաստում է՝ Կաննում ներկայանալու գրին քարտ չկա, պարզապես իր բախտը բերել է: Հատկապես գնահատում է, որ Կաննի կինոփառատոնն առ այսօր պահպանում է հեղինակային կինոյի նշաձողը: Հայտնի ռեժիսորը Երևանում է իր «Էվոլյուցիա» ֆիլմի նորամուտով: Ընդամենը 10 օրում նկարահանված ֆիլմը խիստ անձնական է համարում: Թեև ինքը հրեա չէ, իր հրեական ընտանիքը՝ կինն ու զավակները, իրեն կապում են Հոլոքոստի իրողությանն ու այդ տրավմայի ողբերգությանը, որը Քրիստոսի ժամանակներից ի վեր ամենամեծ կատակլիզմն է համարում:
Կոռնել Մունդրուցո - Մեր ինքնության հարցն ավելի շատ կապված է անցյալի հետ, ինչպե՞ս ենք մենք վերաբերվում անցյալի տրավմային, ինչպե՞ս ենք այն սերնդեսերունդ փոխանցում մեր երեխաներին: Կարծում եմ՝ տրավման պատասխանատվությամբ պետք է դնել մի կողմ, երեխաները չպետք է ապրեն իրենց ծնողների կյանքը, սակայն չպետք է մոռանալ այդ տրավմայի մասին:
Իսկ երիտասարդներին նա խորհուրդ է տալիս՝ շարունակե՛ք կինո նկարել, փնտրեք ձեր պատմությունը և երբեք մի՛ բավարարվեք եղածով: