Մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի անունով գրադարանների կենտրոնացված համակարգ կգործի Երևանում: Արդեն վերանվանված գրադարանում ու փոքրիկ ընթերցողների ձեռքով ստեղծած փարիզյան տեսարանները գրքասերներին կհիշեցնեն ֆրանսերեն սովորելու ու մեծ շանսոնիեի ստեղծագործությունների մասին:
Կարինե Էվոյան («Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն) - Շատ ուրախացանք, որ սա է մշակութային ու կրթական հերթական հասցեն, որ կրելու է Ազնավուրի անունը; Հիմնադրամը անվանափոխումից հետո պատրաստակամություն է հայտնել օգնել գրադարանին: Ֆինանսական աջակցությունը գրադարանն օգտագործեց բարեկարգելու այն հատվածները, որ այսօր տեղի ունենար անվանակոչության միջոցառումը:
Ի դեպ, Աջափնյակի գրադարանների կենտրոնացված համակարգում 160 հազար կտոր գիրք կա, ֆրանսերեն բաժինը նոր են լրացնում: 150-ից ավելի ֆրանսիական գրականությանը կավելացնեն նորերը: Շառլ Ազնավուրն ապրում է, քանի դեռ նրան նվիրված ծրագրերը շարունակվում են, ասում է Էվոյանը: «Ազնավուր» հիմնադրամն էլ հիմա նաև մեծամասշտաբ ծրագիր է պատրաստում, որ շանսոնիեի գործերը դասականների միջոցով ներկայացնեն: Այժմ գործակցում են, որ հնարավորինս շուտ կարողանան համերգ կազմակերպել:
Կարինե Էվոյան - Նախագծին անմիջական մասնակցություն ունի նաև Էրիկ Բերշոն, որ վերջին տարիներին նաև հաճախ էր Ազնավուրի համերգներին մասնակցում: Մասնակցելու է նաև սիմֆոնիկը, այսինքն՝ համերգն իր սցենոգրաֆիայով կլինի և՛ նոր, և՛ Ազնավուրին շատ համապատասխան:
Ազնավուրյան շնչով կլինի նաև ֆրանսիական Կլամարի կոնսերվատորիան: Վերաբացման մեծ համերգին արդեն նորոգված ընդարձակ համերգասրահում հնչեցին մեծ շանսոնիեի կատարումները: Ազնավուրի որդին՝ Միշան, հիշեցնում է՝ իրենց ընտանիքը շարունակում է Հայաստանի Ազգային հերոսի գործը շարունակել:
Միշա Ազնավուր (Շառլ Ազնավուրի որդին) - Ինձ հաճախ նյարդայնացնում է, երբ հարցնում են՝ ի վերջո, հայրս ֆրանսիացի՞ էր, թե՞ հայ: Քանի որ, ինչպես հայրս էր հաճախ ասում, նա 100 տոկոսով հայ էր ու 100 տոկոսով ֆրանսիացի: Եվ նա կապրի այնքան, որքան շարունակենք իր գործը: Հենց այդ նպատակով նույնիսկ հորս մահանալուց հետո «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում շարունակում է մարդկանց օգնելու առաքելությունը: Հատկապես հիմա, երբ պատերազմից հետո այնքան մարդ կա, որ մեր աջակցության կարիքն ունի:
Իսկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսիացիներին հիշեցրեց Շառլ Ազնավուրին, որ Հայաստանի դժվար օրերին կանգնեց իր երկրի կողքին ու երգեց՝ «Քո գարունները կծաղկեն նորից, Քո լավ օրերը հետ կգան նորից...»