Բրիտանական BBC գործակալությունը նոր մանրամասներ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր ընտանիքի վերաբերյալ սկանդալային «Պանդորայի փաստաթղթերից»: Ինչպես պարզվել է, 2018 թ. Crown Estate ընկերությունը, որը Միացյալ Թագավորության թագուհու անունից զբաղվում է անշարժ գույքի առևտրով, Ալիևների ընտանիքից գնել է 66,5 մլն ֆունտ ստեռլինգ (91 մլն դոլար) արժողությամբ անշարժ գույք՝ ստանալով 31 մլն ֆունտ ստեռլինգ (42 մլն դոլար) եկամուտ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանցի լրագրող և գրող Բեյդուլա Մանաֆը, որը բնակվում է ԱՄՆ-ում։
The Crown Estate-ի ներկայացուցիչը հայտնել է, որ շենքը գնելուց առաջ ընկերությունը գործարքի իրականացման համար խնդիրներ չի հայտնաբերել, սակայն հաշվի առնելով Ալիևի կոռուպցիոն գործարքների հետ կապված վերջին բացահայտումները՝ ընկերությունը նոր ուսումնասիրություն է նախաձեռնել:
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակման համաձայն՝ Իլհամ Ալիևի երեք երեխաները՝ Լեյլա, Արզու և Հեյդար Ալիևները, նշված են եղել որպես 2006-2018 թթ. Վիրջինյան կղզիներում գրանցված 44 ընկերությունների բաժնետեր: Նրանց պատկանող հինգ ընկերությունները 2006-2009 թթ. Լոնդոնում գնել են ավելի քան 120 մլն դոլար արժողությամբ էլիտար անշարժ գույք:
The Guardian-ը հայտնել էր, որ Crown Estate-ը Լոնդոնի Մեյֆեր շրջանում ութհարկանի գրասենյակ և առևտրային տարածք է գնել 2018 թ. օգոստոսին՝ 66,5 մլն ֆունտ ստեռլինգով (91 մլն դոլար), Բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող Hiniz Trade & Investment ընկերությունից: Hiniz-ն իր հերթին այն գնել էր 2009 թ.՝ 35,5 մլն ֆունտ ստեռլինգով (48 մլն դոլար):
«Պանդորայի փաստաթղթերում» չի երևում, թե որոնք են Hiniz-ի ֆինանսական աղբյուրները, սակայն գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ ընկերության սեփականության իրավունքը Արզու Ալիևայից փոխանցվել է իր պապին՝ Արիֆ Փաշաևին, որն այնուհետև ընկերությունը հանձնել է հավատարմագրային կառավարման: