ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության վարկանիշը նվազել է՝ հասնելով պաշտոնավարումից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշին: Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է ТАСС-ը։
Բայդենի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 53%-ը, իսկ դրական՝ միայն 38%-ը: Համալսարանի կողմից երեք շաբաթ առաջ կատարված հարցման շրջանակում նախագահի գործունեությունը դրական էր գնահատել հարցվածների 42%-ը, իսկ բացասական՝ 50%-ը:
Հարցված հանրապետականների 94%-ը բացասական է գնահատել նախագահի գործունեությունը, իսկ դեմոկրատների միայն 10%-ը: Իսկ հստակ քաղաքական կողմնորոշում չունեցող քաղաքացիների 60%-ն է բացասական գնահատական տվել նախագահի գործունեությանը, և միայն 32%-ը՝ դրական:
Հարցման համաձայն՝ ամերիկացիներն առավելապես դժգոհել են միգրանտների և ԱՄՆ հարավային սահմանի հարցում Բայդենի դիրքորոշումից, Աֆղանստանի հետ կապված ԱՄՆ քաղաքականությունից և տնտեսական խնդիրներից: