Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հայկական ճարտարապետության գոհարներից է: Դա գիտենք մենք, սակայն կարևոր է այն ներկայացնել համաշխարհային գիտնականներին: Հենց այս մտադրությամբ է հրատարակվել «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գիրքը:
Այն ներկայացնում է եկեղեցու կառուցումը՝ 10-րդ դարում Վանա լճի Աղթամար կղզում, հիմնադիր Գագիկ Արծրունի արքայի օրոք Վասպուրականի թագավորությունում տիրող մթնոլորտը, արքայական գաղափարախոսությունը, պատմական դարաշրջանը:
Էդդա Վարդանյան, «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի կազմող, Մատենադարանի գիտաշխատող - Այս հուշարձանն ուսումնասիրվում է գիտությունների լույսի ներքո՝ պատմագրություն, արվեստաբանություն, ճարտարապետություն և արվեստի պատմություն:
Վահան Տեր-Ղևոնդյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն - Բյուզանդիայի, արաբական աշխարհի հետ եղած կապերը ներկայացնելն ինքնին կարևոր նորույթ է այս ժողովածուի համար, որին մասնակցել են հայագետներ, ճարտարապետներ, պատմաբան, բանասերներ:
Գրքում ներառված են 2014 թվականին Փարիզում Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։
Զարուհի Պողոսյան, «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի կազմող Գերմանիայի Բոխումի Ռուր համալսարանի հետազոտող - Համախմբել ենք հոդվածներ, որոնք քննարկում են այն նաև պատմագրական տեսակետից, գրավոր աղբյուրների տեսակետից, խաչի պաշտամունքի տեսակետից: Համապարփակ ներկայացվում է այդ հուշարձանի համատեքստը:
Հատորն ամփոփում է ճարտարապետական առաձնահատկությունների և քանդակագործական զարդանախշերի վերաբերյալ նոր մեկնաբանությունները: Այս գրքում առաջին անգամ հրատարակվել են նկարիչ Փանոս Թերլեմեզյանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակների գծանկարները: Դրանք արվել են 1914 թվականին:
Գրքի կազմողները կարծում են՝ այն կօգնի մեր տեղը ճարտարապետության մեջ ավելի ակնհայտ դարձնելու համար:
Հեղինակ՝ Անի Ավագյան