Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային կյանքի նորանոր բնագավառներ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կհամալրվեն նոր ծրագրերով և նախաձեռնություններով:
Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում:
Մեծ նշանակություն տալով Ճապոնիայի հետ սերտ կապերի հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն եմ հայտնում ջանքեր գործադրելու մեր երկրների միջև առկա կապերն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: