Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային, որը «Երիտասարդության Հայ-ռուսական Միություն» հասարակական երիտասարդական միավորման հրավերով աշխատանքային 2-օրյա այցով ժամանել է ՀՀ՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող և 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների Առաջին միջտարածաշրջանային երիտասարդական համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով:
Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովան Տավուշի մարզ էր այցելել Հայաստանում Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ներկայացուցչության ղեկավար, Երիտասարդության Հայ-ռուսական Միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության նախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսին Տյումենում կայացած «Հաջողակ Ձեռներեցների հավաք» միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները:
Կողմերը կարևորել են հայ-ռուսական երիտասարդական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը՝ որպես երկու երկրների տարածաշրջանների երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների միջև հաղորդակցության և համատեղ նախագծերի նախանշման ու փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Այնուհետև հյուրերն այցելել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, շրջայց են կատարել Ռուսական կենտրոնում:
Հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության ներկայացուցիչների, Տյումեն էր մեկնել ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության հրավերով: