30 տարվա ընթացքում Շուշիում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել։ Երկու օր առաջ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի արած այս հայտարարությունն այսօր ակտիվ քննարկվեց խորհրդարանում: Հարցուպատասխանին հերթագրված ընդդիմադիր պատգամավորներից նախ Տիգրան Աբրահամյանը բացեց թեման: Ըստ նրա՝ Շուշի այցելած ցանկացած մարդ, դեռ մուտքից սկսած, տեսել է թանգարաններ, վարչական շենքեր, հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն ու ոչ միայն, իսկ քաղաքը 4000 բնակիչ է ունեցել: Արդյոք չե՞ք տեսել այդ ամենը՝ կառավարության ղեկավարին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Աբրահամյանը: Փաշինյանն արձագանքեց՝ ինքը խոսել է բնակելի շենքերի մասին ու ավելացնելու որևէ նոր բան չունի:
Թեման շարունակեց «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը: Փաշինյանին մեղադրելով փաստերը խեղելու ու մանիպուլյացիա անելու մեջ՝ թվեց մի փունջ այն ներդրումային ծրագրերից ու ծախսված գումարներից, որոնք 90-ականներից սկսած արվել են Շուշիում:
Արցախում ներդրումային ծրագրեր իրականացնելու կառավարության հայտարարությունները որակվեցին պատերազմ հրահրող սադրիչ քայլ՝ հիշեցրեց Փաշինյանը, ասաց՝ հայրենիքը լքված տարածքի տպավորություն չպիտի թողնի: Գալստյանը տեղից արձագանքեց՝ հիմա էլ լքված գյուղեր կան: Կան՝ չհերքեց Փաշինյանը, բայց դրանց ճանապարհները հիմա նորոգվում են, դպրոց, մանկապարտեզ են կառուցվում, ջրագիծ ու լուսավորություն են անցկացվում:
«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանն էլ հարց ուներ, ասաց՝ նախորդ երկու անգամ իր հարցերն անպատասխան են մնացել, բայց այսօր կրկին այն կհնչեցնի. խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև եղած օպերատիվ կապից՝ այն բնութագրեց որպես պայմանավորվածությունների ու խոստումների կատարման ծառայած միջոց:
Արձագանքին Մկրտչյանը պնդեց՝ դավաճանության ու դավադրության մասին ավելի լավ, քան դուք, ոչ ոք պատմել չի կարող, ընդդիմադիր պատգամավորը վստահ էր՝ ժամանակը գալու է, պատմելու: Փաշինյանը նկատեց՝ ժողովրդին ինքը պատմել է այդ մասին, ու ժողովուրդն իր արձագանքը տվել է: Տեղից պատգամավորն արձագանքեց՝ հրաժարական տվեք:
«Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն էլ հիշեց մեկ տարի առաջ հոկտեմբերի 6-ին Փաշինյանի հարցազրույցը ռուսական РBK-ին, որտեղ վարչապետը մանրամասներ էր հայտնել, պատգամավորի խոսքով՝ Լելե Թեփեի գործողության մասին: Մեջբերելով Փաշինյանի խոսքը՝ Կյուրեղյանը հետաքրքրվեց, ո՞վ է այդ ծանր հետևանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն և մեղավորը: Փաշինյանն արձագանքեց՝ մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է, իսկ այդ գործողության մասին պարզաբանումները տրվել են բազմիցս, «Լելե Թեփե օպերացիա» հասկացություն էլ չի եղել:
Հոկտեմբերի 7-ին պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկն ընդունվել է՝ հիշեցրեց Փաշինյանը, նրա խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են փաստաթուղթ, որը, սակայն, պաշտոնական Բաքուն չի կատարել:
«Պատիվ ունեմ»-ի քարտուղարն էլ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներից խոսեց, ասաց՝ դրանց դեօկուպացիայի մասին կառավարությունը միջազգային հարթակներում չի խոսում: Ամբիոնին մոտեցած արտգործնախարարը պնդեց՝ այդ խոսակցությունը կա, ու այն ինչ-որ մի պահի նաև բանակցային փուլում պետք է տեղի ունենա:
Այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռ գոյություն ունի և լուծում է պահանջում, արձանագրում է նաև միջազգային հանրությունը՝ շեշտեց Միրզոյանը: Խոսելով Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից՝ Հայաստանի գլխավոր դիվանագետը մանրամասներ հայտնեց:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ի՛նչ փաստաթղթերով են իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց:
Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան էլ վարչապետն անդրադարձավ այն փաստին, որ կառավարությունը բաժնետեր է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ըստ Փաշինյանի՝ առաջարկն ստացել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից, երկու կարևոր բաղադրիչ են հաշվի առել՝ առաջին՝ պղնձաձուլարանի կառուցում, որով խտանյութի փոխարեն մեր երկրից մետաղը կարտահանվի, և երկրորդ՝ ծրագրով նախատեսվում է նոր ատոմակայան կառուցել:
Փաշինյանի խոսքով՝ կա պայմանավորվածություն, որ վերջնական արդյունքով կառավարության բաժնեմասը լինելու է ոչ պակաս, քան 25 տոկոս: Կարևորելով այս գործարքը՝ նա նկատեց՝ հնարավորություն կա 4-6 մլրդ դոլարի ներդրում ապահովել առաջիկա 5 տարիներին: