Հայաստանում արդեն սկսվել է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի բաշխումը առողջության առաջնային պահպանման օղակի բուժհաստատություններին: Նախատեսվում է, որ Երևանի բնակչությանը այն հասանելի կդառնա հոկտեմբերի 7-ից, մարզերում՝ հոկտեմբերի 8-ից: «Մոդեռնա» կլինի նաև շարժական պատվաստումային կետերում:
Լիտվայի կառավարությունից Հայաստանին նվիրաբերված 50 հազար դեղաչափ պատվաստանյութը նախատեսված է 25 հազար անձի համար: Մեկ անձը պետք է ստանա երկու դեղաչափ՝ 28 օր ընդմիջումով:
Գայանե Սահակյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ) - Այս պահին մենք բաշխումը իրականացնում ենք հիմնականում առաջին դեղաչափը և երեք շաբաթ հետո կբաշխենք նաև երկրորդ դեղաչափը:
«Մոդեռնայի» «Սպայկվաքս»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստում մինչ այդ չեն ստացել:
«Սպայկվաքս»-ով պատվաստվելուց հետո հետպատվաստումային առանձնահատուկ ռեակցիաներ չեն կանխատեսվում, այդ ռեակցիաները նույնն են, ինչ բոլոր պատվաստանյութերի դեպքում:
Գայանե Սահակյան - Բոլորի համար է առանձնահատուկ, որ կարող են լինել սպասվող և անսպասելի ռեակցիաներ: Սպասվող ռեակցիաները, ինչպես բոլոր պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ «Մոդեռնայի», կարող է լինել տեղային ռեակցիա, կարմրության ձևով, այտուցի ձևով, դող, սարսուռ: Ուրախալին այն է, որ կարճատև է, 48 ժամում անցնում է:
Պատվաստումներից հետո շատ հազվադեպ կարող է լինել ծանր ալերգիկ ռեակցիա: Հայաստանում այդպիսի անաֆիլակտոիդ ռեակցիայի երկու դեպք է գրանցվել: Բուժաշխատողները, սակայն, կարողացել են ճիշտ արձագանքի շնորհիվ կարգավորել խնդիրը և կանխել անձանց վիճակի վատթարացումը:
Մեր երկրում հոկտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 494.002 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 331.105-ը, երկրորդ դեղաչափ` 162.897-ը։
Ինչ վերաբերում է Մոդեռնայի պատվաստանյութի պահման պայմաններին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում ապահովվում է անհրաժեշտ ջերմաստիճանը: Առողջության առաջնային պահպանման հաստատություններում պատվաստանյութերը պահվելու են կարճ ժամկետով, ուստի ջերմաստիճանի որոշակի շեղումը թույլատրելի է:
Գայանե Սահակյան - Իրականում «Մոդեռնա» պատվաստանյութը երկարաժամկետ պահելու համար անհրաժեշտ է -15-ից -50 ջերմաստիճանային պայմաններ, այս պահին սառցարանում -20 է: Դա սառցարան է, սառնարան չէ: Իսկ բուժհաստատություններում այն պահպանվում է սովորական ստանդարտ ջերմաստիճանային պայմաններում՝ բոլոր պատվաստանյութրեի համար նախատեսված, 2-8 աստիճան, 30 օրվա ընթացքում:
Այսպիսով, «Մոդեռնան» կորոնավիրուսի դեմ հինգերորդ պատվաստանյութն է, որն ստացել է Հայաստանը: Այս պահին առկա են նաև «Սպուտնիկ», «Աստրազենեկա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ»: Վերջինը արդեն չնչին քանակությամբ է՝ նախատեսված երկրորդ դեղաչափի համար:
Աննա Զախարյան