Առաջին հայացքից, կարծես թե, արտասովոր ոչինչ չկա: Սայլակով տղան գրասենյակից ինքնուրույն դուրս է գալիս, հյուրերին դիմավորում, իջնում ավտկոյանատեղի: Արտասովորը սկսվում է հենց այստեղ, երբ մոտենում է մեքենային:
44-օրյա պատերազմից հետո սայլակին հատնված սպան միայն մասնագիտությո՛ւնը չէ, որ փոխել է: Հայտնի ընկերություններից մեկում հաշվապահ դառնալուց հետո որոշել է նաև կենսակերպը փոխել, ավելի ճիշտ՝ չփոխել, ապրել այնպես, ինչպես նախկինում էր: Ամեն օր Արտաշատից Երևան էր պետք հասնել աշխատանքի: Որոշեց մեքենան ձևափոխել ու չհրաժարվել կենցաղային այս հարմարավետությունից: Ոտնակներին հիմա այս հարմարանքն է փոխարինում: Նորարարության հեղինակը Անդրանիկն ու նրա հայրն են:
Անդրանիկ Մարգարյան - Հիմա իմ ոտքերը չեն աշխատում, իմ ոտքերը հեռու են, աշխատում եմ մենակ էս ձեռքով: Դեպի առաջ տանում եմ, տեսնում եք, առաջ տարա՝ կանգառն է: Իսկ դեպի ինձ որ քաշում եմ՝ գազ է տալիս:
Նման ձևափոխումներ էլի էինք տեսել՝ պատմում է Անդրանիկը. 2016-ի ապրիլյան պատերազմից հետո էլ էին տղաները փորձել մեքենաներն իրենց հարմարեցնել, բայց սա մի փոքր տարբեր է, ավելի հարմարավետ է՝ ասում է: Երկու ամիս է՝ վարում է, բոլոր թերություններն ու անհարմարությունները սեփական փորձով արձանագրում:
Անդրանիկ Մարգարյան - ուղղակի սկզբի ժամանակները... քանի որ մարդ ոտքերով է էդ կառավարումը կատարում, սկզբի ժամանակները մի քիչ խառնվում ես իրար, կամ գալիս է պահը, որ պիտի արգելակես, բայց չես կարող արգելակել. սովորելու վրա է, բայց հարմար է:
Այնուամենայնիվ, էլի կատարելագործման գաղափարներ ունի, որ ավելի հարմար դարձնի մեքենա վարելը:
Անդրանիկ Մարգարյան - Սա ավելի կհեշտացնի. դա էլ է կարևոր, որ անընդհատ սենց ձեռքդ չպահես լարված, այլ կարելի է մշակել, որ արագության վրա ինքը իր արգելակումը կատարի կամ չթողնի, որ ավելի արագանա. նմանատիպ արդիականացման կարիքներ ունի:
Իմացել է՝ կան արհեստավորներ, որ մեքենաները հարմարեցնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, բայց բավական թանկ են անում՝ ասում է Անդրանիկը: Ինքը բիզնես գաղափար է առաջարկել, որի մի մասն էլ այս ծրագիրն է կազմում: Ուզում է նաև մյուս տղաների համար մեքենայից օգտվելու հնարավորոթյուն ստեղծել: Ասում է՝ ինձանից լավ ո՞ր արհեստավորը կարող է հասկանալ, թե ինչն է հարմար, ինչը՝ անհարմար: Ուզում է հոր հետ արհետսանոց բացել իրենց տան մոտ:
Անդրանիկ Մարգարյան - Մենք, մենք ասելով՝ հայրս, ունի իր խառատագործական արտադրամասը, որտեղ կան հաստոցներ, սակայն այդ արտադրամասը ուրիշի տարածքում է, վարձակալած է:
Զինվորի տան և «Ազնավուր» հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակում Անդրանիկին տրամադրվել է արտադրամաս ստեղծելու դրամաշնորհ: Պատերազմին մասնակցած արդեն 21 երիտասարդ է սեփական բիզնես գաղափարի իրականացման համար ֆինանսավորում ստացել: Վերջին երեքը՝ ընդամենը մի քանի օր առաջ:
Նունե Բալյան (Զինվորի տան սոցիալական ծրագրերի համակարգող) - Ծրագրերը շատ բազմազան են, ինչպես և տղաների նախասիրությունները՝ սկսած մետաղամշակման արհեստանոցից, կարի արտադրամասից, նորարարական այգիների հիմնումից, սառնարանային տնտեսությունից մինչև ջերմոցներ: Ցանկացած բան, որ իրենց մտքով էդ պահին անցել է կամ երազել են, որ երբևէ կունենան:
«Ազնավուր» հիմնադրամը Զինվորի տան հետ գործակցությունը սկսել է դեռ պատերազմի ժամանակ, դրանից հետո շարունակել է աջակցել տարբեր ծրագրերով: Տեղեկացել են, որ ֆիզիկական վերականգնմանը զուգահեռ տղաները կանգնում են նաև սոցիալական վերականգնման և վերաինտեգրման խնդրի առջև:
Տաթև Սարգսյան («Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար) - Նախագիծը կրելու է շարունակական բնույթ: Այս պահին ունենք մի շարք գործընկերներ, որոնց հետ գործակցում ենք՝ հայթայթելով հավելյալ հնարավորություններ՝ աջակցելու էլ ավելի մեծ քանակի տղաների, քանի որ մեկ ամսվա ընթացքում մենք ստացանք մոտ 400 հայտ:
Անդրանիկի արհեստանոցի կառուցումը շուտով կսկսվի: Տեղում կանգ չի առնելու: Ուրիշ գաղափարներ էլ ունի: Տանը երեք փոքրիկներն են իրեն սպասում: Նրանցից մեկը պատերազմից 4 ամիս հետո է ծնվել: Վստահ է՝ Եթե տեղում նստի ու դժգոհի, ոչ մի ծրագիր առաջ չի ընթանա:
Անդրանիկ Մարգարյան - Կապ չունի, որ մենք պատերազմի հետևանքով էս վիճակում ենք հայտնվել կամ ինչ-ինչ պատճառներով էս վիճակում են հայտնվել: Կարևորն այն է, որ մարդ հոգով հաշմանդամ չլինի, և դա շատ մեծ նշանակություն ունի հենց անձամբ մարդու համար: Կողքից շատ են ասում՝ հա, լավ կլինի, դու քո վրա աշխատի, ամենաաշխատող մարդը հենց ինքն է՝ իր վրա:
Հանձնվե՞լ. երբեք՝ ասում է նախկին զինվորականը: Եթե այսքանի միջով անցել ու ապրում ենք, ուրեմն միայն առաջ պետք է նայենք: