Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ հանրապետության նախկին նախագահ Սաակաշվիլու հոգեվիճակը կտրուկ փոխվել է նրա ձերբակալությունից հետո:
«Սաակաշվիլու ստեղծած «Ազգային շարժումը» մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»՝ վարչապետի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Վրաստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանուիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդով՝ վեց: Բացի դրանից՝ Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռևս քննվում են դատարանների կողմից:
Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ունի, և այդ հանրապետության նախագահ Զելենսկին նշել է, որ անձամբ ինքը և երկրի իշխանությունները կզբաղվեն Սաակաշվիլու վերադարձով: Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական գործչին չեն արտահանձնի Ուկրաինային:
Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն, որը երեքշաբթի այցելել էր բանտում գտնվող Սաակաշվիլուն, հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կհամաձայնի իր արտահանձնմանն Ուկրաինային՝ պայմանով, որ իր դեմ բոլոր մեղադրանքները հանվեն:
Միխեիլ Սաակաշվիլու փաստաբան Բեկա Բասիլայան էլ վստահ է, որ Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները կօգնեն բանտից ազատել Սաակաշվիլուն՝ ճնշում գործադրելով Վրաստանի իշխանությունների վրա: Փաստաբանի խոսքով՝ արևմտյան երկրները Սաակաշվիլուն ընկալում են որպես «վրացական նոր պետության» ստեղծող և անուշադրության չեն մատնի նրա ձերբակալությունը: