ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին:
Նրա խոսքով՝ չկա փաստարկված, գիտական ապացուցում ունեցող բազա, որը հստակ կնշի՝ հակամարմիններ ունենալու սանդղակով որ չափից վերև կամ ներքև ենք մենք պաշտպանված:
Անահիտ Ավանեսյանը նշեց՝ երբ ժամանակի ընթացքում կունենանք հետազոտություների ավելի լուրջ բազա, կկարողանանք տարբերակումներ մտցնել:
«Մենք առաջնորդվում ենք գիտական մոտեցումներով: Այս պահին էլ ԱՀԿ-ի տված ուղեցույցի համաձայն՝ հիվանդանալու և առողջանալու պարագան որևէ ձևով չի խոչընդոտում պատվաստմանը, այլ ընդհակառակը՝ այն ցուցված է, որովհետև պատվաստումները մեզ պաշտպանում են կրկնավարակից ու շատ ավելի լայն իմունիտետային շերտ են ապահովում»,- մանրամասնեց նախարարը:
Ըստ նրա՝ պատվաստանյութերն ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներն են, բայց չկա որևէ դեղամիջոց, որը կկարողանա հարյուր տոկոսով որևէ բան երաշխավորել:
Ավանեսյանը նաև շեշտեց, որ ՀՀ-ում կա պատվաստանյութերի բավական մեծ տեսականի: