Այս տարվա օգոստոսի տվյալներով Հայաստանում առկա է 654 հազար 434 գրանցված աշխատատեղ և 56 հազար 273 կազմակերպություն: Տեղեկությունը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն:
Նույն ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 201 հազար 692 դրամ: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ աշխատատեղերի քանակն աճել է 19 հազար 20-ով, կազմակերպություններինը՝ 3615-ով, իսկ միջին ամսական աշխատավարձի ծավալը՝ 14 հազար 702-ով:
Գրանցված աշխատատեղերի թվում ամենաշատը մեծածախ և մանրածախ առևտրով, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգմամբ զբաղվողներն են՝ 113 հազար 427, երկրորդ տեղում կրթության ոլորտի աշխատատեղերն են՝ 108 հազար 99, դրան հաջորդում է մշակող արդյունաբերությունը՝ 78 հազար 324 աշխատատեղով, 4-րդը առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 49 հազար 813 աշխատատեղ, 36 հազար 305 աշխատող էլ պետական կառավարման, պաշտպանության և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում է:
Անշարժ գույքի հետ կապված գործունեության, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում ամենաքիչ աշխատատեղերն են՝ համապատասխանաբար 8709 և 6753:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը աշխատաշուկայի աճի միտումները դրական է գնահատում:
Գագիկ Մակարյան (Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ) - Հիմա Հայաստանում տնտեսական ավելի զարգացման միտումներ կան համարյա բոլոր ճյուղերում միաժամանակ, այդ թվում նաև տուրիզմը, որ ենթադրում էինք՝ այդքան արագ չէր վերականգնվի, բայց որոշակիորեն վերականգնվեց: Ամենախոշոր զբաղվածության ոլորտներից մեկը դարձել է հիմա շինարարության ոլորտը ոչ միայն բուն շինարարության մեջ, այլ նաև շինարարության շնորհիվ շինարարական նյութերի արտադրությունները, համապատասխան գործարանները, ներմուծողները այդ ոլորտի, շինանյութեր ներկրողներ և այլն:
Ըստ ոլորտների ամենաբարձր աշխատավարձը տեղեկատվություն և կապի ոլորտում է՝ միջինը 552 հազար 721 դրամ, դրան հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 452 հազար 277 դրամ աշխատավարձով, 3-րդ տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեությունն է՝ 403 հազար 342 դրամով, հաջորդիվ պետական կառավարման և պաշտպանության ոլորտն է՝ 291 հազար 620 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Համեմատաբար ցածր է աշխատավարձը մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում՝ 147 հազար 134 դրամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 144 հազար 43 դրամ: Վարչարարական և օժանդակ գործունեությամբ զբաղվողները ստանում են միջինը 139 հազար 731 դրամ, կրթության ոլորտի աշխատակիցները՝ 128 հազար 47 դրամ: Գյուղատնտեսությունում միջին աշխատավարձը 127 հազար 637 դրամ է, սպասարկման այլ ծառայությունների ոլորտում՝ 124 հազար 663 դրամ: Ամենացածր աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում է՝ 105 հազար 844 դրամ:
Գագիկ Մակարյան - Մենք ունենք մոտավորապես 1.7 մլն մարդ, որոնք գտնվում են աշխատունակ տարիքում, նրանցից զբաղված է 654 հազարը՝ պետական և մասնավոր սեկտորը միասին վերցրած: Այսինքն՝ մոտավորապես 1 մլն 50 հազար դուրս են մնացել աշխատաշուկայից: Հիմա դրանք ինչով են զբաղվում՝ շատ տարբեր բաներով են զբաղվում: Բայց պռոբլեմն այն է, որ այդ մարդկանց մեծ մասը նաև չի համաձայնվում կանոնավոր աշխատանքի անցնել:
Մակարյանի խոսքով՝ աշխատատեղեր շատ կան, սակայն համապատասխան մասնագետներ չկան.
Գագիկ Մակարյան (Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ) - Որոշակի ակտիվություն կա անշուշտ նաև ներդրումային բնագավառում և ես թվարկեմ մեր միության անդամների շրջանակներում կազմակերպություններ կան, որոնք 50 վականսիա ունեն օրինակ հենց հիմա և չեն կարում լրացնեն, որովհետև ուղղակի մասնագետներ չկան:
Հունվար-օգոստոսի տվյալով պաշտոնապես գրանցված 62 հազար 25 գործազուրկ կա, միաժամանակ 2560 աշխատուժի պահանջարկ՝ որից բանվորի՝ 688, սպասարկման ոլորտի աշխատակցի՝ 544, կրթության և առողջապահության բնագավառի բարձր որակավորման մասնագետի՝ 454:
Նիկոլայ Ավետիսյան