«Մենք հաստատում ենք, որ չեղյալ ենք համարել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելության ութ աշխատակցի հավատարմագրումը, որոնք ռուսական հետախուզության չհայտարարված աշխատակիցներ էին»,- հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչներին և հավելում, որ ՆԱՏՕ-ում կաշխատի Ռուսաստանից 10 դիվանագետ՝ 20-ի փոխարեն:
Ավելի վաղ Sky News-ը, հղում անելով աղբյուրներին, նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են վտարել ութ ռուսաստանցու: Բացի դրանից՝ դաշինքը նախատեսում է վերացնել ռուսական առաքելության երկու աշխատակցի պաշտոնները: Այս որոշման պատճառը, ըստ դաշինքի ներկայացուցիչների, «Ռուսաստանի թշնամական գործունեությունն» է դաշինքի անդամ երկրներում:
2018-ի Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման հետ կապված սկանդալի ֆոնին ՆԱՏՕ-ն չեղարկեց ռուսական մշտական առաքելության յոթ աշխատակցի հավատարմագրումը, ևս երեքին մերժեց հավատարմագրել: