Մոլդովայի իշխանությունները պաշտոնանկ են արել և 72 ժամով կալանավորել են երկրի գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ կոռուպցիայի մեղադրանքով: Երկրի նախագահ Մայա Սանդուն բազմիցս ասել է, որ Ստոյանոգլոն փորձում է պաշտպանել կոռումպացված քաղաքական գործիչներին և գործարարներին: Գլխավոր դատախազը, ի պատասխան, նախագահին մեղադրել է ուժային կառույցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ գրում է Interfax-ը:
«Ստոյանոգլոյին ներկայացվել է մեղադրանք չորս հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, լիազորությունների չարաշահում, պասիվ կոռուպցիա, սուտ վկայություն: Քննչական գործողությունները շարունակվում են»,- ասել է դատախազ Վիկտոր Ֆուրթունը, որը ղեկավարում է գլխավոր դատախազի դեմ հարուցված քրեական գործը:
Ալեքսանդր Ստոյանոգլոն Մոլդովայի գլխավոր դատախազությունը ղեկավարում էր 2019 թվականի նոյեմբերից: Նրան այդ պաշտոնում նշանակել էր երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը՝ իր հրաժարականից և իշխանությունը Սանդուին փոխանցելուց մի քանի շաբաթ առաջ:
Ստոյանոգլոյի աշխատանքի ստուգումը սկսվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Լիլիան Կարպայի և արդարադատության նախարար Լիտվինենկոյի հարցումով: