Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պարտականությունները Նաիրա Նացվլիշվիլին ստանձնել է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին։
«Հայաստանում աշխատելն ինձ համար իրապես պատիվ և արտոնություն է: ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հետ: Ինչպեսև անցած 28 տարիների ընթացքում, մենք այստեղ ենք՝ աջակցելու մարդկանց, առաջին հերթին՝ ամենախոցելիներին, ինչպիսիք են կանայք և երիտասարդները, գործազուրկները, գյուղական և քաղաքային աղքատները, տարեցներն ու հաշմանդամները»,- ասել է ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչը:
Մինչև Հայաստան ժամանելը Նացվլիշվիլին եղել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը ՄԱԶԾ Թուրքմենստանի գրասենյակում։ Նա ամրապնդել է ՄԱԶԾ-ի դիրքը որպես կառավարության և զարգացման այլ գործակալությունների համար նախընտրելի գործընկեր, ինչպես նաև նպաստել է գրասենյակի պորտֆելի կրկնապատկմանը՝ ինչպես ծավալի, այնպես էլ բազմազանության առումով։
Մինչ այդ Նատիա Նացվլիշվիլին աշխատել է ՄԱԶԾ Վրաստանի գրասենյակում որպես մշտական ներկայացուցչի օգնական, ծրագրերի ղեկավար, ինչպես նաև կառավարման թիմի ղեկավար (2017-2018 թթ․)։
Նախքան ՄԱԶԾ-ին միանալը տկն Նատիա Նացվլիշվիլին աշխատել է որպես տնտեսագետ Արժույթի միջազգային հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակում, ԵԱՀԿ Վրաստանի առաքելությունում և Վրաստանի ազգային բանկում։ Նա ունի հարուստ ակադեմիական փորձ՝ 2002-2010 թթ․ դասավանդել է Վրաստանի տարբեր առաջատար համալսարաններում:
Տկն Նատիա Նացվլիշվիլին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցը հանրային քաղաքականության մագիստրոսի կոչմամբ (2002 թ․), ինչպես նաև Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչմամբ (2000 թ․)։