Կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը՝ տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Վիգեն Չիտեչյանը ծնվել է 1941 թ. Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
1991-1993 թթ. Վիգեն Չիտեչյանը նշանակվել է ՀՀ պետական նախարար։ 1993-1995 թթ. զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։
1995-1997 թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 1997-2009 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։ 1997-2004 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։
Վիգեն Չիտեչյանը շուրջ 150 գիտական հրապարակումների հեղինակ է: Նա արժանացել է բարձրագույն պետական պարգևների. Մխիթար Գոշի մեդալ՝ 2001 թ., Բելգիայի Թագավորության «Մեծ Խաչ» շքանշան՝ 2009 թ., Ֆրանսիայի «Արժանիքի պետական շքանշան»՝ 2011 թ.:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով: