Կովկասն առավելապաշտական նոր պահանջներ չի կարող հանդուրժել: Իրանական դիրքորոշումը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ արտգործնախարար - Կովկասում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն կամ տարածաշրջանի քարտեզի փոփոխություն մենք չենք ընդունում, լրջորեն մտահոգված ենք տարածաշրջանում ահաբեկիչների ու սիոնիստների ներկայության առնչությամբ: Իրանն իր անվտանգության հարցում չի հաճոյախոսում: Հարևաններին ուղղված մեր ուղերձը բարեկամության և եղբայրության ուղերձ է, այն տարածաշրջանի երկրների շահերն ապահովելու համար բանակցելու, տարածաշրջանային գործակցությամբ անվտանգություն ապահովելու ուղերձ է:
Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունն Իսլամական Հանրապետության նոր կառավարության գերակայությունների թվում է՝ Մոսկվայում իր այցը որպես դրա ցուցիչ է ներկայացրել իրանցի նախարարը և ընդգծել, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ այս բանակցությունները շատ լավ հնարավորություն են բացում անցնելու տարածաշրջանային օրակագին՝ Հարավային Կովկասից Աֆղանստան, Եմենից Սիրիա: Ռուսաստանի արտգործնախարարն առաջարկել է Հարավային Կովկասի քննարկումների համար նոր՝ բազմակողմ հարթակ ստեղծել:
Սերգեյ Լավրով, ՌԴ արտգործնախարար - Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այլև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան: Իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, հայ գործընկերների հետ դեռ աշխատում ենք այս ուղղությամբ։
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ չնայած բոլոր խնդիրներին, Վրաստանը կկարողանա տեսնել իր շահը՝ նման մեխանիզմի ստեղծման մեջ: Ինչ վերաբերում է վերջին շրջանում Հարավային Կովկասում տեղի ունեցող անհանգստացնող զարգացումներին՝ Լավրովն ընդգծում է՝ Մոսկվան դեմ տարածաշրջանում ռազմական ակտիվություն աճին և սադրիչ զորովարժությունների անցկացմանը:
Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան - Ադրբեջանը այլ երկրների հետ 6 զորավարժություն է անցկացրել: Կարծում եմ՝ դրանք սադրիչ գործողություններ են: Զորավարժությունների նման հաճախակիությունը լավ բան չի հուշում: Իրանը վերջին օրերին միայն մեկ զորավարժություն է անցկացրել, որի մասին դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է տարածաշրջանի երկրներին: Այդ զորավարժությունն անցկացվում է Իրանի տարածքում և Իրանի զինված ուժերի կողմից և տարածաշրջանի համար բարեկամության ու խաղաղության ուղերձ է պարունակում:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձ են կատարել նաև Կասպից ծովի իրավկան կարգավիճակի խնդրին, Սիրիայի և Եմենի ճգնաժամերին և, իհարկե, Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին: Աբդալոհիանն արձանագրել է, որ պաշտոնական Թեհրանն ավարտում է իր խորհրդակցությունները միջուկային գործարքի վերաբերյալ և շուտով կվերադառնա Վիեննայի բանակցություններ: