Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցը Իտալիայի Հանրապետություն։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի Հանրապետությունն առաջին անգամ պետական այցով ընդունեց նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը, պատվո պահակախմբի զինվորական նվագախմբի, զինված ուժերի ստորաբաժանումների ուղեկցությամբ Հռոմում Արմեն Սարգսյանին դիմավորել են իտալացի գործընկերները։
Հայ-իտալական հարաբերությունները խորացնելու համար այսօր և վաղը նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ։ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը Քուիրինալ պալատում մասնակցելու է մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի և Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությանը, այնուհետև լրատվամիջոցների համար նախագահները պետք է հանդես գան հայտարարություններով։
«Լևոնյան» վարժարանում նախատեսված է հանդիպում հայ համայնքի հետ։
ՀՀ նախագահի հետ պետական այցով Իտալիայում են նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։