Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և «Ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան: Էրդողանի միջնորդագրում տեղ է գտել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» հայ պատգամավոր Գարո Փայլանի անունը:
*****
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները գործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում՝ հաղորդում է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը: «Երեք երկրի ռազմավարական գործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Նախարարները Վրաստանում են՝ հետևելու ընթացող եռակողմ՝ Eternity 2021 զորավարժություններին:
*****
Հյուսիսատլանտյան դաշինքին դեռ չի հաջողվել համոզել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից և դրանք փոխարինել արևմտյան նմանատիպ զինատեսակներով՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամերիկյան համալսարաններից մեկում ելույթի ժամանակ։ «Անշուշտ, պաշտպանական զենքերի ձեռքբերման հարցում որոշումների կայացումը յուրաքանչյուր պետության բացառիկ իրավունքն է, միաժամանակ, հստակ է, որ այդ զինատեսակները պետք է փոխգործակցեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ինչը ռուսականի դեպքում չի կարող լինել»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ Անկարայի հետ բանակցությունները շարունակվում են: Ստոլտենբերգը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան կարևոր դաշնակից է, առանցքային դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում և դաշինքի պետություններից ամենաշատն է Սիրիայից փախստականների ընդունել: Իսկ Թուրքիան Արևմուտքին բազմիցս կոչ է արել դադարել քննարկել Ռուսաստանից C-400 ների գնումը և ընդգծել, որ այդ գործարքը չեղարկման ենթակա չէ: