Երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությամբ են Հայաստանի և Իտալիայի նախագահներն սկսել հագեցած օրակարգով հանդիպումները: Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելան. խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառության մասին, արձանագրել են՝ թեև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պայմաններում ցուցանիշը 2020-ին նվազել էր, բայց այս տարի այն սկսել է վերականգնվել։ Ուշադրության կենտրոնում են ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի գործակցությանն առնչվող հարցերը:
Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ - Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։
Երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Իտալիայի նախագահն արձանագրեց՝ հարցի կարգավորումը երկարաժամկետ լուծում է պահանջում: Խոսելով համավարակի մասին՝ Մատարելան նշեց, որ աշխատում են Կովաքսի հետ՝ Հայաստանին պատվաստանյութ տրամադրելու համար։ Չշրջանցվեց նաև Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների հարցը։
Սերջո Մատարելա, Իտալիայի նախագահ - Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ ՀՀ-ում տեղի են ունենում բարեփոխումներ, պատրաստ ենք փորձի փոխանակում իրականացնել այն բնագավառներում, ինչպիք են, օրինակ, իրավական, դատական համակարգը։ Իտալական ընկերությունները հետաքրքրություն են տածում Հայաստանի շուկայի նկատմամբ։ Որոշ ընկերություններ արդեն հաստատվել են Հայաստանում։
Պետական այցը նշանավորվեց նաև Քուիրինալի պալատում՝ Իտալիայի նախագահի նստավայրում, հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրության բացմամբ։ Սարգսյանն ու Մատարելան ցուցադրության առաջին այցելուներն էին: Նախագահն արձանագրեց՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության, իտալական հողում հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա։
Օրվա ավարտին նախագահ Արմեն Սարգսյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը Հռոմում հայրենիքի խորհանի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դրեցին։ Արդեն այցի երկրորդ օրը նախագահ Սարգսյանը հանդիպելու է նախարարների խորհրդի նախագահի հետ։ Պետական այցն Իտալիա ավարտվելու է հայ համայնքի հետ հանդիպմամբ։