Հիմա՝ փոշու, խոնավ եղանակին էլ՝ դպրոցից տուն վերադարձող այգեզարդցի երեխաները ցեխի միջով են անցնում: Բայց շուտով ցեխոտ փողոցից միայն հիշողություն կմնա: Սուբվենցիոն ծրագրով Այգեզարդի Ղարիբյան փողոցն ասֆալտապատվում է: Համայնքում ընթացքի մեջ է սուբվենցիոն մի քանի ծրագիր:
Վարդան Սաֆարյան (Արարատի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Այգեզարդ համայնքը ներկայացրել էր երեք սուբվենցիոն ծրագիր. համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում, ֆուտբոլի խաղադաշտին կից կառուցվում են թենիսի և բասկետբոլի խաղադաշտեր, բարեկարգում են հարակից տարածքը:
Դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ ֆուտբոլի մինի դաշտը կառուցվել էր 2020 թ.: Այս տարի խաղահրապարակը կամբողջանա բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 46 մլն է: 7 մլն դրամով էլ վերջնականապես կավարտվի համայնքի՝ զբոսայգու և վարչական շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքը:
Աշոտ Ղազարյան (Վերին Արտաշատ համայնքի ղեկավար) - Ինձ թվում է՝ մանկապարտեզ երեխաներն ավելի ուրախ կհաճախեն:
Խոսքը մարզի մեկ այլ՝ Վերին Արտաշատ համայնքի մասին է: Այստեղ նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի ներքին և արտաքին հարդարումն են իրականացրել, տանիքն ամբողջությամբ փոխել: Հիմա էլ ընթացքի մեջ է մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքը:
Աշոտ Ղազարյան - Դրանց 70-80 տոկոսն արդեն կատարված է, 2 օրվա ընթացքում արդեն ասֆալտի բիտումը կլինի, և ասֆալտի աշխատանքներն էլ կկատարենք:
14 մլն դրամ արժեքով մեկ այլ սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզի, մշակույթի տան և վարչական շենքի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ:
Աշոտ Ղազարյան - Մեծ համայնք ունենք ու փողոցային լուսավորություն շատ ունենք. արևային ֆոտովոլտային կայաններ օգտագործելուց էներգիայի շատ մեծ խնայողություն կունենանք:
6 տարվա դադարից հետո այս տարի երեխաներին կընդունի Քաղցրաշենի հիմնովին նորոգված մանկապարտեզը:
Վարդան Սաֆարյան - Քաղցրաշեն համայնքը Արարատի մարզի խիտ բնակեցված համայնքներից մեկն է, և 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շատ կարևոր խնդիր էր մանկապարտեզի շահագործման խնդիրը: Իրականացնում ենք պարտեզի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 22 մլն դրամ է, իրականացվել է պետություն-համայնք՝ 50/50 համամասնությամբ: Մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, և գյուղի շուրջ 150 երեխաներն այլևս հարևան համայնքների մանկապարտեզներ չեն գնա:
Ոստանում էլ ընթացքի մեջ են մանկապարտեզ տանող փողոցի և դրա մայթերի կառուցման աշխատանքները:
Վարդան Սաֆարյան - Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն է: Բավականին մեծ խնդիր ենք լուծում, մանկապարտեզի հարակից հատվածում մայթ գոյություն չուներ, այժմ կառուցվում է:
Ոստանում այս տարի սուբվենցիոն ծրագրով ևս մեկ փողոց կասֆալտապատվի, նաև կվերանորոգվեն ներհամայնքային ջրատարները:
Վարդան Սաֆարյան - Ոռոգման ծրագրի շրջանակներում շուրջ 1000 գծամետր նոր կիսախողովակներ կտեղադրվեն, և ջրի խնայողության հետ կապված բավականին մեծ աշխատանք կատարած կլինենք:
Ոռոգման ծրագրի արժեքը 32 միլիոն է, իսկ ասֆալտապատմանը՝ 79: Նախորդ տարի էլ համայնքում լուսավորության արդիականացման ծրագիր է իրականացվել: