ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե իրենք դիտարկումներ են անում և կորոշեն՝ կորոնավիրուսով վարակված լինելուց ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պարտադրել աշխատող անձանց ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր:
Ըստ Ավանեսյանի, կան նաև շատ փոքրաթիվ դեպքեր, երբ մարդը առողջանալուց հետո 20 օր, 30 օր հետո դեռ ՊՇՌ դրական թեստի դրական պատասխան է ունենում:
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր մասնագիտական խումբը ներկայումս նախարարի հրամանի որոշակի փոփոխությունների և համալրումների աշխատանք է իրականացնում: Կտեսնենք, վերջնական եզրակացությունը վաղը կունենանք և ըստ այդմ կդիտարկենք, թե հիվանդանալ-առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում կպարտադրենք ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայացնել կամ պատվաստման հավաստագիրը»,- ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն: