Մոսկվայում ՌԴ և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի իրավիճակին: Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ հարևանների նկատմամբ Իրանը բարեկամական դիրքորոշում ունի, որն ուղղված է հարաբերությունների զարգացմանը: Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ իրենք այլևս չեն հանդուրժի անօրինական պահանջներ տարածաշրջանում:
«Մենք, իհարկե, չենք հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ և քարտեզի փոփոխություններ: Մենք լուրջ մտահոգություններ ունենք այս տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայության վերաբերյալ: Ելնելով Իրանի և տարածաշրջանի անվտանգության նկատառումներից՝ մենք բարեկամական ուղերձ ենք հղում հարևաններին և ակնկալում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից բխող բազմակողմանի համագործակցություն»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Պատասխանելով Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նպաստում է տարածքում խաղաղության պահպանմանն ու նորմալ կյանքի վերականգնմանը: Լավրովը կարևորել է հակամարտության հետագա կարգավորման հարցում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Ըստ ռուսասաստանցի դիվանագետի՝ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը և այդ հանրապետությունների հարևան պետությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը:
«Մենք այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը՝ երեք հարավկովկասյան երկրները և 3 մեծ հարևանները: Իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը: Նմանատիպ վերաբերմունք մենք տեսնում ենք նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք՝ Վրաստանը նույնպես, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր շահը տարածաշրջանի զարգացման շուրջ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը դեմ է տարածաշրջանում ռազմական ակտիվության աճին և սադրիչ զորավարժությունների անցկացմանը: