Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց են ուղղել նաև հայ-իրանական հարաբերությունների, ինչպես նաև Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ նրա հանդիպման և քննարկած թեմաների մասին:
«Մեր երկկողմ օրակարգը շատ հարուստ է: Կան իրականացված և առայժմ ընթացքի մեջ գտնվող կամ գուցե նաև կիսատ ծրագրեր: Ահա, մենք հնարավորություն ենք ունեցել կոնկրետ խոսակցություն ծավալելու այդ ծրագրերի շարունակության ուղղությամբ, նորերը սկսելու:
Դա և՛ նոր բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, և՛ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման մեր ծրագրի ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը, և՛ Մեղրու ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, բազմաթիվ այլ՝ տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր ենք քննարկել, այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ:
Այդ այցը և մեր խոսակցությունը վերաբերել են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն են ունեցել և շատ կոնկրետ համատեքստ: Այս առումով ես ողջունել եմ Իրանի դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ընդհանրապես այն բոլոր դրական ազդակները, որ մենք ստանում ենք այս առնչությամբ:
Անշուշտ, խոսել ենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, այսինքն՝ ըստ էության, այդ խոսակցության բացակայության վերաբերյալ: Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել այդպիսի թեմա»,- ասաց Միրզոյանը: