Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։
Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձել է «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունները 2020 թվականից հետո» խորագրով համատեղ աշխատանքային փաստաթղթին, Տնտեսական և ներդրումային ծրագրին, ինչպես նաև դրանցից բխող ուղենշային նախաձեռնություններին։
Այս համատեքստում հայկական կողմը կարևորել է ԵՄ աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել համաձայնեցրած նախաձեռնություններն իրագործելու համար։
Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին՝ երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։