Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է, և դրանք արտացոլված են Կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում:
44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում՝ Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։
Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։
Նույն օրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
Արարատ Միրզոյանը հաջողություն և արգասաբեր աշխատանք է մաղթել Նատիա Նացվլիշվիլիին իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: