«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում Հայաստանում կցուցադրվի ռեժիսոր Ստեֆան Զիգլըրի «Բրոկեն. Պաղեստինյան ճանապարհորդություն՝ ըստ միջազգային իրավունքի» ֆիլմը: Այն փառատոնի պրեմիերաներից է: Չկա կինոփառատոնի հիմնական ծրագրում: Ֆիլմը միջազգային իրավունքի մասին է:
Ստեֆան Զիգլըր, ռեժիսոր, միջազգային հումանիտար իրավունքի անկախ մասնագետ - Այս ֆիլմի ուղերձը նաև վերնագրի մեջ է: Բրոկեն՝ կոտրված, փշրված: Այն միջազգային հանրության մերժված, դրժված խոստումների մասին է:
Ֆիլմում դատական գործի օրինակով ներկայացվում է միջազգային իրավունքի իրականցումը կամ անտեսումը: Այն Հայաստանում կցուցադրվի հոկտեմբերի 7-ին, որին կհաջորդի քննարկումը:
Ստեֆան Զիգլըր - Մենք այցելելու ենք Կապան: Դա պատահական ընտրություն չէ: Կապանը, ի տարբերություն Հայաստանի մայրաքաղաքի և այլ մարզերի, ամենաթիրախավորվածն է այս պահին՝ հակամարտության համատեքստում: Դիտումը բացառիկ է, քանի որ պրեմիերան լինելու է այնտեղ:
Նոյեմբերին ֆիլմը կցուցադրվի նաև Տավուշի մարզում: Զիգլըրի խոսքով՝ այն նաև կրթական է: Սովորեցնում է միջազգային իրավունքի կարևորությունը: Այն Հայաստանում կցուցադրվի նաև համալսարաններում: Ռեժիսորը նպատակ ունի թեմայի հետ կապված դասախոսություններ ունենալ հայ ուսանողների համար:
Հեղինակ՝ Անի Ավագյան