Նախորդ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի և արցախահայության դեմ Ադրբեջանի ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդել տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Իրանական «Իռնա» գործակալության հետ զրույցում նշել է Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով ռազմական գործողությունները դադարեցվեցին, բայց իրավիճակը շարունակում է փխրուն մնալ:
Ըստ Միրզոյանի՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այդ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառություններ, որոշ դրույթներ Բաքուն աղավաղում է, դեռ պատանդառության մեջ են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, Ադրբեջանից ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանություն է հնչում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով:
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար - Ադրբեջանի սադրիչ վարքագիծն ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանի կայունության համար։
Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է ջանքերը՝ տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները այդ դարաշրջանի համար։
Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ են, դրա վառ օրինակը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումն է՝ ասում է Արարատ Միրզոյանը, շեշտում՝ Երևանում վստահ են՝ Թեհրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրի բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կնպաստի տարածաշրջանում խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագա կառուցելու գործին:
Արարատ Միրզոյան - Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները: Հայաստանի և Իրանի գործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար: Հնագույն քաղաքակրթություններ կրող Հայաստանին և Իրանին բնորոշ են կրոնական և ազգային հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը և վստահությունը, ինչպես նաև ապագայի հանդեպ փոխադարձ պատասխանատվությունը:
Հարավկովկասյան 3 պետության՝ և Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հնարավոր նախաձեռնության մասին Երևանի տեսակետը ներկայացնելիս՝ Միրզոյանը մանրամասնում է՝ տարածաշրջանային գործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ երկու պայմանին:
Արարատ Միրզոյան - Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական: Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում՝ այն կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
Վերջին զարգացումներում Ռուսաստանի դերի մասին: Միրզոյանը շեշտում է՝ Մոսկվայի միջնորդությամբ են ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Բացի այդ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում: