Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել հանրապետությունում աշխատող դիվանագետների գաղտնալսման վերաբերյալ ունեցած տվյալների կապակցությամբ: Այս մասին ասված է դիվանագետների համատեղ նամակում, փոխանցում է ТАСС-ը:
Նամակում նշվում է, որ անվտանգության ծառայությունների կողմից բացահայտված հեռախոսային գաղտնալսումները հակասում են 1961 թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և վնասում Վրաստանում դիվանագետների բնականոն գործունեությանը:
Սեպտեմբերին վրացական ԶԼՄ-ներն անանուն աղբյուրից նամակներ են ստացել, որոնք պարունակել են երկրի հոգևորականների հետ լրագրողների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների գաղտնազերծված հեռախոսազրույցները։ Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ գաղտնալսվել են նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետները, այդ թվում՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը, Իսրայելի դեսպանը և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:
Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն հարուցել է քրեական գործ: