Ռումինիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել վարչապետ Ֆլորին Կիցուի կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկին, հայտնում է Euronews-ը:
Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է Ռումինիայի խորհրդարանի 281 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 234-ի փոխարեն։
Ռումինիայում քաղաքական ճգնաժամը սկսվել է սեպտեմբերին, երբ վարչապետ Ֆլորին Կիցուն պաշտոնանկ է արել արդարադատության նախարարին, որը USR-PLUS-ի (Ռումինիայի առաջադեմ, լիբերալ և կենտրոնամետ ընտրական դաշինք) անդամ է: Հետագայում դաշինքը հրաժարվել է աջակցել գործադիր իշխանությանը և պահանջել է Կիցուի հրաժարականը:
Ավելի վաղ՝ հունիսին, Ռումինիայի խորհրդարանական ընդդիմությունը կառավարությանը անվստահություն հայտնելու ևս մեկ փորձ էր նախաձեռնել, որը ձախողվել էր: