Պետեկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետում գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Նոր հարթակը թույլ կտա բարձրացնել մաքսային հսկողության արդյունավետությունը: Գործընթացին հետևել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Մաքսային ձևակերպումների սրահում առցանց հետևում են Ռուսաստանի Դաշնությունից ալյուր ներկրող բեռնատարի ամբողջ շարժին՝ Հայաստանի սահմանը հատելուց սկսած մինչև մաքսակետի տարածքից բացթողում: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու:
Մինչ մաքսային ձևակերպումներին հասնելը, հանրապետության սահմանը հատած յուրաքանչյուր բեռնատար անցակետում նախևառաջ կշռման է կանգնում: Մաքսային տեսուչը համեմատում է հայտարարագրում նշված բեռի քաշը փաստացի կշռման արդյունքի հետ:
Հաջորդ փուլը ռենտգեն զննումն է. «Ռապիսկան» սարքավորմամբ զննելուց հետո, կախված ռիսկի ցուցիչից, ապրանքն ուղարկվում է նաև տեսազննման:
Բեռնատարների սահմանահատման համար անհրաժեշտ յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակում և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:
ՊԵԿ ղեկավարը շրջում է անցակետի տարածքով, ծանոթանում մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան