Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով արդեն մի քանի ամիս է՝ չի հաջողվում հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Այսօրվա նիստին մեղադրող դատախազը խնդրեց հնարավորություն տալ հրապարակել այն, սակայն ապարդյուն. պաշտպանական կողմի միջնորդությունից հետո նիստը հետաձգվեց: Մասնավորապես Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց ճանաչել իր պաշտպանյալի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ անդամ:
Լուսինե Սահակյան (Արմեն Գևորգյանի պաշտպան) - Անձեռնմխելիությունը բացարձակ է, մշտական և անժամկետ։ Այն շարունակում է կիրառվել անդամի լիազորությունների ավարտից հետո։
Նա նաև միջնորդեց ապահովել Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքը՝ նշելով, որ իր պաշտպանյալը՝ որպես ԵԽԽՎ անդամ, պետք է հնարավորություն ունենա մեկնել տարբեր երկրներ։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդությունը ոչ հիմնավոր համարեց՝ նշելով, որ պաշտպանը չի մատնանշել այն ընթացակարգը, որով դատարանը պետք է ճանաչի որևէ մեկի անձեռնմխելիությունը։
Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց, որի հիմքերն առկա են, և խափանման միջոցը վերացվել չի կարող։ Դատարանը չունի լիազորություններ, որպեսզի ճանաչի որևէ մեկի անձեռնմխելիությունը և, դրանով պայմանավորված, նրա համար ստեղծել որևէ հարցում արտոնյալ պայմաններ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Գևորգյանի պաշտպանների կողմից անձեռնմխելիությունը ճանաչելու նախորդ միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգվել է, քանի որ այդ հարցը քննարկվում է Սահմանադրական դատարանում:
Աննա Դանիբեկյան (դատավոր) - Հետևաբար, դատարանը որոշեց Լուսինե Սահակյանի միջնորդության լուծումը հետաձգել մինչև ՍԴ համապատասխան որոշման կայացումը։ Ինչ վերաբերում է Գևորգյանի տեղաշարժին, ապա յուրաքանչյուր դեպքում դատարանը կքննարկի Գևորգյանի՝ Հայաստանից մեկնելու հարցը։
Այնուհետև Գևորգյանի պաշտպանը խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար բավարար ժամանակ տրամադրել՝ նշելով, որ ինքը գործի 128 հատորին մի քանի օրում ծանոթանալու տաղանդ չունի:
Լուսինե Սահակյան - Իմ մոտ տպավորություն ա, որ ամեն ինչ արվում ա, որպեսզի ձգձգվեն դատական նիստերը, որովհետև նշեցի, որ քրեական գործի նյութերը ինձ ուշ եք տրամադրել: Բացի դրանից, դուք անընդհատ դատական նիստեր եք գումարում, և այդ ժամանակահատվածում, երբ որ մենք հիմա էստեղ գալիս ենք դատական նիստերի, ես կարող էի ուղղակի նյութերին ծանոթանալ:
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը համաձայնեց Սահակյանի հետ:
Գևորգ Բաղդասարյան - Իմ մոտ էլ տպավորություն է, որ այս գործով դատական նիստերը ոնց որ փորձ արվի անընդհատ ձգձգել: Ինչպե՞ս կարելի է դատարանին մեղադրել նիստերը ձգձգելու մեջ ու դա պատճառաբանել նրանով, որ դատարանը նիստեր է նշանակում: Մենք բոլորս շատ լավ ենք հասկանում էն հնարքը, որը դատարանում փորձ է անում իրացնել պաշտպանության կողմը:
Ուստի Բաղդասարյանը խնդրեց չհետաձգել դատական նիստը: Դատարանը, սակայն, նիստը մեկ շաբաթով հետաձգեց՝ հնարավորություն տալով պաշտպանին ծանոթանալ գործի նյութերին:
Տաթև Խաչատրյան