Թե որքան ծանրաբեռնված են այս օրերին մանկական հիվանդանոցները, մուտքի մոտ սպասողներից արդեն կարելի է ենթադրել: Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աննախադեպ աճ է գրանցել:
Մարի Դարակչյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար) - Շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Հիմնական գերակշռող մեծամասնությունը սեզոնային վիրուսներով են, և շատ շրջանառվող վիրուսների առանձնահատկության հետ կապված շնչառական խանգարումներով, թթվածնակախյալ երեխաների քանակը ևս շատ է, մասնավորապես, մինչև մեկ տարեկան հասակը:
Այդ հիմա է փոքրիկ Մոնթեն ժպտում՝ ասում է բժիշկը, երեխան նույնիսկ շնչել չէր կարողանում: Մանկաբուժության 2-րդ կլինիկայի բոլոր հիվանդասենյակների բոլոր մահճակալները զբաղված են, շատ են թթվածնակախյալ երեխաները, բայց նրանցից ոչ բոլորն ունեն թոքաբորբ:
Մարի Դարակչյան - Հիմնականում մինչև 1 տարեկան երեխաների մոտ շրջանառության մեջ է հաճախ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսը, որը բերում է սուր բրոնխիոլիտների զարգացման: Վերջինիս բարդությունը կարող է լինել թոքաբորբ, բայց այդ հիվանդությունն ինքն իրենով ևս պայմանավորում է շնչառական խանգարումներ և թթվածնակախյալություն:
Անցած տարի սեզոնային վիրուսներով վարակվող, հոսպիտալացվող երեխաների թիվը աննախադեպ փոքր էր, քանի որ շփումներ չկային, կարանտին էր, մարդիկ դիմակ էին կրում, բայց մյուս կողմից էլ՝ նվազագույն շփումները հանգեցրել են նրան, որ կարանտինի պայմաններում ծնված երեխաները այսօր թույլ իմունիտետ ունեն, ասում է մասնագետը:
Մարի Դարակչյան - Կոլեկտիվ իմունիզացիան բավականին տուժեց այս փակվածության հետևանքով, որովհետև միշտ, երբ որ կոլեկտիվ շփումներ կան, ապա որոշ երեխաներ ոչ թե բոլորը միանգամից են հիվանդանում, կարծում եմ՝ նաև դրա հետ է կապված այս ակտիվացումը և պիկերը:
Սուր շնչառական վարակների ակտիվացում ամբողջ հանրապետությունում է գրանցվել, ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը: Նախորդ շաբաթվա համեմատ ցուցանիշները գրեթե 1.1 անգամ ավելի են: Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսված է, որը կտևի մինչև հաջորդ տարվա մայիս:
Եվգենյա Խաչատրյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան) - Արարատի մարզում և Գեղարքունիքի մարզում մի փոքր ավելի շատ ակտիվություն ունենք, քան մնացած մարզերում, բայց հիմնականում հիվանդացության մակարդակը նույնն է, ունենք ակտիվացում:
Սեզոնային վարակների հանդեպ առավել զգայուն են մինչև 4 տարեկան երեխաները, բայց այս փուլում հիվանդացության աճ է գրանցվել նաև մինչև 14 տարեկանների մոտ: Դա նաև շտապօգնության կանչերի թվի աճն է վկայում: Մասնագետները հիշեցնում են. անցած շաբաթվանից պոլիկլինիկաներում սկսվել է սեզոնային վիրուսների դեմ պատվաստումը: