Հանրային առողջության պահպանման համար Հանրայինում աշխատակիցները պատվաստվում են: COVID-19-ի դեմ պայքարը հեռուստաընկերության անխափան աշխատանքի կարևոր բաղադրիչներից է:
Հակոբ Թումանյան («Լուրերի» օպերատոր) - Սա իմ առաջին պատվաստումն է, իմ աշխատանքն այնպես է, որ մարդկանց հետ շփումն անընդհատ է, գոնե սրանով ուզում եմ ապահովել ինձ ու նրանց, որոնց հետ շփվում եմ:
Կոլեկտիվ պատվաստումը Հանրայինում արդեն երկրորդ անգամ է: Առաջին անգամ պատվաստվել է 150 աշխատակից:
Նազելի Նիկողոսյան (Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի ղեկավար) - Մոտ 108 աշխատակից ընդունում է երկրորդ պատվաստանյութը, ինչպես նաև ցանկություն են հայտնել պատվաստվել 110 աշխատակից, կարող է քանակն ավելանալ, քանի որ կան աշխատակիցներ, որոնք չեն ցուցակագրվել, բայց ներկայանում են պատվաստման:
Սևակ Հակոբյանն այսօր ստանում է երկրորդ դեղաչափը: Համավարակի ամբողջ ընթացքում հետևել է հակահամաճարակային բոլոր կանոններին: Պնդում է՝ դիմակ դնելն ու հաճախ ախտահանվելը շարունակում է նաև պատվաստումից հետո, սակայն կորոնավարակի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու հիմնական տարբերակը համարում է պատվաստումը:
Սևակ Հակոբյան («Հրապարակում» ծրագրի հաղորդավար) - Առաջինից հետո որևէ խնդիր չի եղել: Ճիշտն ասած՝ առաջին երկու օրը սպասում էի, որ էսա՝ գլուխս կցավա, էսա՝ ջերմություն կունենամ, բայց որևէ ազդեցություն չի ունեցել, հուսամ՝ երկրորդն էլ նույն ձևով կանցնի:
COVID-19-ի դեմ հանրային իմունիտետի ձևավորմանը մասնակցում է նաև Աստղիկ Սարգսյանը: Շաբաթը 5 օր տարբեր թեմաներով, տարբեր հյուրերով եթեր դուրս եկող հարցազրուցավարը վստահ է՝ պատվաստվելով թե՛ իր, թե՛ հյուրերի առողջության մասին է մտածում:
Աստղիկ Սարգսյան (հարցազրուցավար) - Պատվաստվում եմ նույն նպատակով, որի համար ընդունել եմ իմ նախորդ բոլոր պատվաստումները, այսինքն՝ իմ լուման ունենալու համար սեփական ու հանրային առողջության մեջ:
Պատվաստվողների շարքում են նաև «Լուրերի» լրագրողները, որոնք հանրության տեղեկացված լինելու իրավունքը ապահովելու համար հասարակության տարբեր շերտերի հետ են առնչվում: Արթուր Խաչատրյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա պատվաստվում է կրկնավարակից խուսափելու համար:
Արթուր Խաչատրյան («Լուրերի» լրագրող) - Առաջին անգամ թեթև եմ տարել, ցանկություն չունեմ, որ կրկնվի:
Առաջին դեղաչափն այսօր ներարկում են նաև լրագրող Նորայր Շողիկյանին: Աշխատանքային գործունեության ընթացքում հաճախ է անդրադարձել կորոնավիրուսին ու դրա հետևանքներին: Պնդում է, երբ տեսնում ես կորոնավիճակագրությունը, հատկապես մահվան թվերը, հակապատվաստումային ակցիան և միֆերն առավել հիմնազուրկ են դառնում:
Նորայր Շողիկյան («Լուրերի» լրագրող) - Միֆերին ծանոթ եմ, նաև լուսաբանել եմ խնդիրը, բայց դրանց լուրջ չեմ վերաբերվում, պարզապես յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հանրային առողջությունը վեր է ամեն ինչից
Հանրայինում հանրային իմունիտետ ձևավորելուն ուղղված քայլերը շարունակվելու են՝ ինչպես լուսաբանման, այնպես էլ նման ակցիաների միջոցով: