Գենետիկայի զարգացման ուղղությամբ հայ և ռուս կենսաբանները կվերականգնեն նախկին գործակցությունը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն արդեն պայմանավորվել է ռուս գործընկերոջ հետ՝ կոնկրետ նախագծերով համագործակցության ճանապարհային քարտեզ մշակելու վերաբերյալ:
Աշոտ Սաղյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս) - Դա պետք է ներառի իր մեջ կոնկրետ կետեր, ոչ թե, օրինակ՝ 50, 100, 200 կետեր, ոնց որ նախկինում էր, այլ մի քանի կետեր, որոնք կհամապատասխանեն այսօրվա գերակա ուղղություններին:
Այ Թի տեխնոլոգիաներ, հայագիտություն, սեյսմոլոգիա, կենսատեխնոլոգիաներ, ռազմական ոլորտում գիտական համագործակցություն՝ ակադեմիկոս Սաղյանը հինգ գերակա ուղղություն է առանձնացնում: Գենետիկայի ուղղությամբ հայ գիտնականներն ասելիք ունեն, վստահ են նրանց ռուս գործընկերները: Հայ-ռուսական համալսարանում, օրինակ՝ արդեն սկսել են ուսումնասիրություններ՝ քովիդի վաղ հայտնաբերման ուղղությամբ:
Վադիմ Ֆեֆիլով (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն) - Նրանք շատ կարևոր հետազոտություն են սկսել, որը հնարավորություն կտա Քովիդ-19-ի, հատկապես դելտա շտամի վաղ հայտնաբերման ուղղությամբ:
Գիտնականները քննարկելու են էկոլոգիական, մոլեկուլային գենետիկայի և բիոինֆորմատիկայի, հայ ժողովրդի գենետիկայի, ռադիոբիոլոգիայի, բույսերի գենետիկայի հետ կապված հարցերը: Խորհրդային Միության ժամանակաշրջանից Հայաստանում դեռ պահպանվել են կենսաբանական ինստիտուտներ, որոնց փորձի շնորհիվ կարելի է բացահայտել գենետիկայի գաղտնիքները: Հայ և ռուս գիտնականները համատեղ կուսումնասիրեն Սևանի կենսաբազմազանությունը, կհամագործակցեն դեղագործության և այլ ուղղություններով: