Հայաստանն ավարտում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում 2018-ին ստանձնած նախագահությունը: «Քովիդ 19»-ի պատճառով 2020-ին նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հետաձգվեց, ծրագրերի մեծ մասը չեղարկվեց: Այդ ընթացքում Հայաստանը շարունակեց նախագահությունը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:
Հունիսին առաջին անգամ խորհրդարանի ընտրությունները դիտարկելու համար Հայաստան այցելեցին ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հայ ժողովուրդը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ըստ նրա՝ դա մեծ հաղթանակ էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար, որն ունի նաև ժողովրդավարության հարցում երկրներին աջակցելու քաղաքական առաքելություն:
Լուիզ Մուշիկիվաբո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար - Այս հաղթանակը կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:
Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում ամփոփեցին կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքը: Լուիզ Մուշիկիվաբոյի գնահատմամբ՝ Հայաստանը հիանալի է կատարել նախագահությունն այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Հայաստանը կփոխանցի Թունիսին: Մեկուկես ամիս անց այնտեղ կկազմակերպվի հաջորդ գագաթնաժողովը:
Նիկոլ Փաշինյան - Մենք կարևորում ենք կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի պատշաճ նախապատրաստումը և կազմակերպումը: Հայաստանը որպես նախագահող երկիր՝ մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը, իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը:
Լուիզ Մուշիկիվաբո - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին՝ պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Վարչապետը գործող նախագահողն է մինչև հաջորդ գագաթնաժողովը, ուստի կապի մեջ ենք մնալու նրա հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին:
Հայաստանի վարչապետն ու Գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության թեմային: Հայաստանի վարչապետը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:
Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:
Առավոտյան Ծիծեռնակաբերդում Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, շրջել նաև ցեղասպանության թանգարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: