Տանձավերցիները չեն հիշում՝ վերջին անգամ երբ են իրենց գյուղում շինարարական աղմուկ լսել, բայց վստահ են՝ նոր ճանապարհը գյուղում կյանքը կաշխուժացնի:
Անահիտ Կոստանդյան (Տանձավեր գյուղի բնակիչ) - Կարող ա մարդիկ էլ գյուղ հետ գան, ամեն ինչ լավ կլինի:
Իսկ 43 կմ երկարությամբ հանրապետական ճանապարհը հիմնանորոգողների մտքում այլ բան է:
Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ) - Ամեն օր հետևում ենք եղանակային կանխատեսումներին, որպեսզի ժամ առաջ աշխատանքները սկսենք, քանի որ դա մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ է:
Հիմնանորոգված ճանապարհով ոչ միայն մարզկենտրոն Կապան հասնելու ժամանակը կկրճատվի, այլև մեքենաները չեն փչանա:
Հանրապետական ճանապարհը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի այլընտրանքային երթուղին է. պետությունը 5.25 մլրդ դրամ է ներդրել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։
Վահագն Ստեփանյան - Կարող եմ վստահեցնել, որ աշխատանքներն արվում են շատ որակով, քանի որ մենք այնտեղ իրականացնում ենք ասֆալտապատման երեք շերտ՝ 6, 6 և 4 սմ հաստությամբ: Դրա տակից տեղադրվում է ենթահիմք, հիմք և ավազակոպճային շերտ, որը հնարավորությւոն է տալիս խուսափել տակի եղած բոլոր վատ գրունտներից, որոնք կարող են ճանապարհը վնասել:
Ռազմավարական կարևորագույն նշանակության 43 կմ-անոց ճանապարհահատվածը սկսվում է Տաթևից և հասնում մինչև միջպետական Մ2 ճանապարհի Սյունիք բնակավայր: Ճանապարհաշինական աշխատանքները հեշտացնելու նպատակով այն բաժանված է երեք մասի. առաջինը Տաթևից մինչև Աղվանի ձգվող 12.5 կմ երկարությամբ հատվածն է, որի շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, երկրորդ և ամենաերկար՝ 17.5 կմ երկարությամբ հատվածն անցնում է Տանձավեր, Վերին Խոտանան բնակավայրերով, իսկ երրորդ՝ 13 կմ երկարությամբ ճանապարհը, հանրապետական նշանակության ճանապարհը միացնում է Մ2 միջպետական մայրուղուն:
Վահագն Ստեփանյան - 12.5 կմ, որը սկսում է Տաթևից և հասնում մինչև Աղվանի բնակավայր, արդեն ամբողջովին ավարտված է, ճանապարհը կահավորված է և արդեն ընթանում են ճանապարհը շահագործման հանձնելու գործընթացները:
17.5 կմ երկարությամբ երկրորդ ճանապարհահատվածն անցնում է Տանձավեր և Խոտանան գյուղերով: Ջրագծերն ամբողջովին փոխարինվել են, գյուղերի հատվածում նաև մայթեր կկառուցեն:
Ասատուր Այվազյան (կապալառու ընկերության ներկայացուցիչ) - Շինարարությունից առաջ այստեղ եղել է անտառոտ, նեղ կածան, կատարել ենք ահռելի հողային աշխատանքներ՝ շուրջ 50 հազար քմ կարգի: Ստացել ենք 12-13 մ լայնության պալատնո:
Տանձավերում խիստ ծակոտկեն խոշորահատիկ, խոշորահատիկ և մանրահատիկ եռաշերտ ասֆալտ-բետոնի դեռ առաջին շերտն է պատրաստ: Եթե եղանակը չխանգարի՝ աշխատանքը ժամկետից շուտ կավարտեն:
Ասատուր Այվազյան - Այս պահի դրությամբ մոտ 6.5 կմ տեղադրել ենք խիտ ծակոտկեն ասֆալտ-բետոն, 6 կմ՝ խոշորահատիկ ասֆալտ-բետոն, ունենք տեղանքներ, որտեղ կատարել ենք սառը վերամշակում:
Վերինխոտանանցի Սերոբ պապը թեև այլ փոխադրամիջոց ունի, բայց գնահատում է ասֆալտի որակը:
Եղանակից բացի, երբեմն շինաշխատանքներին նաև ճանապարհի՝ օրեցօր ակտիվացող երթևեկությունն է խանգարում:
Երրորդ՝ 13 կմ-անոց ճանապարհահատվածը, բնակավայրերի միջով չի անցնում, դրա համար էլ սահմանված ժամկետից շուտ են ավարտել:
Վահագն Ստեփանյան - Ամբողջությամբ ասֆալտի աշխատանքներն ավարտված են, այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման աշխատանքները, որը մոտ օրերս կավարտենք, և այդ հատվածն ամբողջությամբ կհանձնվի շահագործման:
Ճանապարհի երթևեկելի մասի լայնությունը նույնն է, ինչ միջպետականինը՝ որոշ հատվածներում 6.6, որոշներում՝ 7.2 մ: Բայց ի տարբերություն միջպետական մայրուղու՝ հանրապետական նշանակության ճանապարհը չունի 10 կմ-ից ավելի ձգվող ոլորապտույտ ճանապարհահատված: Ճանապարհի հիմնանորոգման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: