Խորհրդարանական քառօրյայի առաջին հատվածն անցավ փոխադարձ մեղադրանքներով: Ամեն ինչ սկսվեց, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղարը քննարկվող թեմայից դուրս դիմեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին ու որպես համակարգի հնաբնակ հարցրեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքից:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Դուք նաև լսել եք մեղադրանքները հնչեցված, այդ օրենքի ձևակերպումների, թե իբր այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, դուք էս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ-ի պետական սահմանի հարց քննարկվել:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար) - Ես չեմ լսել որևէ հիմնավորում, որ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, ոչ ոք նման բան չի ասել, ամեն դեպքում, իմ հիշողության մեջ նման բան չկա և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում:
Տերտերյանին «Հայաստան» խմբակցությունից արձագանքեց Արթուր Խաչատրյանը: Խոստացավ ուղարկել բազմաթիվ ձայնագրություններ, որտեղ կառավարության ղեկավարը հայտարարում է՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանն է, քանի որ օրենքով այդպես է ամրագրվել դեռ 2010 թվականին: Արդեն ամբիոնին մոտեցած Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ 11 տարի առաջ ԱԺ դահլիճում այդ ձևակերպմանը կողմ քվեարկած մարդիկ այսօր փորձում են պնդել, որ իրենց քվերակությունը ոչինչ չի նշանակում: Ընդդիմության հայտարարություններին նաև ԱԺ փոխխոսնակը արձագանքեց:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ոչ ոք չի պնդել, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով որոշվում է պետական սահմանը, բայց պնդումը այլ է, այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ ձևակերպմանը, կողմ են քվեարկել այդ պնդմանը, որը արդեն բոլորս ասացինք ինչ էր:
Փոփոխությունների ժամանակ եղել եմ պատգամավոր ու կողմ եմ քվեարկել որոշ կետերի՝ սա էլ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը: Արծվիկ Մինասյանը պնդեց՝ եթե իշխանությունը կարծում է, որ օրենքը կարող էր հիմք դառնալ ստեղծված վիճակի համար, ապա այստեղ հարցը իրավական դաշտ է տեղափոխվում:
Արծվիկ Մինասյան - Եթե որևէ պատգամավոր, որևէ կառավարություն էդ տրամաբանությամբ էդ փոփոխությունը արել է, այո՛, դա առերևույթ պետական դավաճանության դեպք է, ինչո՞ւ հաղորդում չեք տալիս, թող գործ հարուցեն, գան քննեն, ինչո՞ւ է փոփոխությունը եղել: Հերիք եղավ, այստեղից մանիպուլյացիաներ եք անում:
Քննարկմանը նաև «Պատիվ ունեմ»-ից միացան: Հայկ Մամիջանյանը համեմատականներ անցկացրեց:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Մեր իշխանության օրոք Շուշին Շուշա չէր, մեր հայրենիքում էր, մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքով անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, երկրի ղեկավարը, պառլամենտի ղեկավարը, գործադիր իշխանության ղեկավարը անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից:
Սահմանների մասին այս քննարկումները պետք է դադարեցնել՝ հորդորեց «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը ու պատասխանեց Մամիջանյանի հայտարարություններին:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խոսում եք նրա մասին, որ Արցախ գնում էին, սենց էր, նեցն էր, մի հարց տամ, Արցախի անկախության տոնին ո՞ւր էիք, պարոն Մամիջանյան, ինչո՞ւ մեզ հետ Արցախում չէիք, կամ երկրորդ հարցը, երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր կարևորագույն նախագիծ, որտեղ պետք է վերականգնել Արցախ անվանումը, ո՞ւր էինք, ինչո՞ւ մեր կողքին չէիք, ինչու չէիք եկել Ստրասբուրգ ու չէիք համոզում պատգամավոր առ պատգամավոր, դադարեցրե՛ք այս քննարկումը:
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԱԺ-ՈՒՄ
Առաջին ընթեցմամբ պատգամավորներն այսօր նաև քննարկեցին եկամտահարկի վերադարձը սահմանափակելու՝ գործադիրի նախագիծը: Ըստ առաջարկության՝ փուլ առ փուլ կհանվի Երևանում հիփոթեքով բնակարան ձեռք բերող քաղաքացիների համար եկամտահարկը հետ ստանալու մեխանիզմը: Պրոցեսը կսկսվի հաջորդ տարվանից:
Նախագծի սահմանափակումները, սակայն, չեն տարածվի այն շինթույլտվությունների վրա, որոնք կստացվեն մինչև 2022-ի հունվարի 1-ը՝ նշեց Պողոսյանը: Ըստ նրա՝ նպատակը տարածքային համաչափ զարգացում ապահովելն է, մարզերում շինարարությունը խթանելը: Օրենսդրի հաստատմամբ նաև սոցփաթեթից օգտվող քաղաքացիները կկարողանան կուտակված գումարները ծախսել մարզասրահներ այցելելու և ուսման վարձը վճարելու նպատակով: