Իրանը մտադիր է մասնակցել Գորիս-Կապան միջպետական ավտոմայրուղուն այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարությանը: Երևանում է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորած պատվիրակությունը:
Խեյրոլլահ Խադեմի (Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար) - Իրանից իմ գլխավորությամբ ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել: Իրան-Հայաստան պետական ճանապարհը Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք այցելել ենք Տաթև-Կապան ճանապարհ և պատրաստ ենք աջակցել Հայաստանին նոր ճանապարհի կառուցման գործում: Իրանը պատրաստ է իր տեխնիկաինժեներական հնարավորությունները տրամադրել Հայաստանին:
Իրանցի պաշտոնյան վերահաստատել է՝ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանին նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործում: Ենթակառուցվածքների հարցը, ի դեպ, առանցքայիններից էր Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ամիր Աբդոլլահիանի նախօրեին տեղի ունեցած բանակցություններում: Միրզոյանն իր ելույթում մանրամասն անդրադարձել էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին:
Արարատ Միրզոյան (Հայաստանի ԱԳ նախարար) - Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։ Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել:
Բաքվի և Անկարայի առաջ քաշած այսպես կոչված միջանցքի թեզը փաստացի գոյություն ունի միայն այդ երկու երկրի օրակարգում, նկատում է իրանագետ Ժաննա Վարդանյանը: Տարածաշրջանային վերջին զարգացումները փաստում են՝ Թեհրանը հայ-իրանական սահմանին որևէ միջանցք չի հանդուրժի:
Ժաննա Վարդանյան (իրանագետ) - Հատկապես անընդունելի է, որ այդ միջանցքը բացվի Հայաստան-Իրան Հայաստանի հաշվին: Իրանը բացառում է, որ Հայաստանի և Իրանի սահմանների մեջ պետք է որևէ փոփոխություն լինի: Եվ այս օրերին անցկացվող զորավարժությունները գլխավոր ուղերձներից մեկը հենց դա է, որ Իրանը որևէ կերպ չի հանդուրժելու սահմանի փոփոխությունը:
Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին Հայաստանը պետք է ամրապնդի իր կոմունիկացիոն և լոգիստիկ հնարավորությունները, ընդգծում է իրանագետը: Այդ առումով կենսական կարևորություն ունի Հյուսիս-Հարավ նախագիծը, որը մաս կկազմի «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային ծրագրին: Այս տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը նույնպես Հայաստանի և Իրանի արտգործնախարարների քննարկման առանցքում է եղել:
Երևան և Թեհրանը նաև ազդարարել են՝ հայ-իրանական բազմակողմ օրակարգում առաջիկայում մեծ ակտիվություն է սպասվում: Պաշտոնյաները դեռ փակագծեր չեն բացում, սակայն խոսքը, հնարավոր է՝ սառեցված կամ դանդաղ իրագործվող, նաև նոր համատեղ նախագծերի մասին է, ընդգծում է Ժաննա Վարդանյանը:
Ժաննա Վարդանյան - Քանի որ Իրանում շատ է խոսվում ռազմական համագործակցությունն ամրապնդելու մասին, կարող ենք ենթադրել, որ այս ասպեկտը ևս կարող է լինել: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, սեղանին ունենք համատեղ նախագծեր, որոնք ավարտին պետք է հասցվեն:
Երևան-Թեհրան տնտեսական շփումները ակտիվացնելու մասին օրեր առաջ պայմանավորվել էին Հայաստանի արտգործնախարարն ու մեր երկրում Իրանի դեսպանը: Առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի: Սա այն նշաձողն է, որին ձգտելու են Երևանն ու Թեհրանը: